Արթուր Մեսչյանը Նիկոլ Փաշինյանի մասի՞ն է գրել «Ուր պետք է փախչես ինքդ քեզանից» երգը. Mediahub

Ինչպես և սպասելի էր, երեկ՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, իշխանություններից ոչ ոք չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ավելին՝ չհնչեց ոչ մի ուղերձ, ցավակցության ոչ մի խոսք։ Տպավորություն էր, որ 2020 թվականին ոչ մի պատերազմ չի եղել, իսկ «Եռաբլուրի» աննախադեպ մեծացումը պայմանավորված էր մարդկանց բնական մահերով։

Ի հավելումն այդ ամենի, նույն օրը Հանրային Հեռուստաընկերության եթերով հնչեց համերգ։ Ճիշտ է, այսօր արդեն Հ/Հ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ընդունում էր իր սխալն ու ներողություն հայտնում, սակայն այդ տեքստի տողերում չէր զգացվում անկեղծություն, չէր զգացվում զղջում։ Տպավորություն էր, որ այդ տեսքտը երեկվա համերգի շարունակությունն էր ու գրված էր նախօրոք, որը կհրապարակվեր ըստ հասարակության արձագանքի։ Կլիներ սուր քննադատություն, կտարածվեր տեքստը, չէր լինի՝ մենք այդպես էլ այդ տեքստի երեսը չէին տեսնի։ Այլ խոսքով, իմ խորին համոզմամբ, որևէ սխալ չէր եղել, ամեն ինչ օրինաչափ էր, համահունչ տիրապետող քաղաքականությանը, որի նպատակն է մոռացության մատնել թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ մեր հայրենիքի կորուստը, թե՛ հանուն մեր հայրենիքի զոհված նահատակներին։

Իհարկե այդ իշխանությունները հունվարի 27-ն ընդունել են որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր», սակայն հունվարի 27-ը ոչինչ չի ասում, չի առաջացնում ոչ մի հույս, ոչ մի ապրում։ Այդ օրը հանրությունը, զոհվածների հարազատները չեն գնում «Եռաբլուր»։ Այդ օրը բացի ամեն ինչից, նաև ՔՊ-ական իշխանությունների փիառի ու երեսպաշտության օրն է, որովհետև եթե դու պետականորեն նահատակների շիրիմներին ես այցելում այնպիսի մի օր, որը ոչնչով պայմանավորված չէ, բնականաբար չես կիսում նաև այդ օրվա պատասխանատվությունը։

Մինչդեռ աբստրակտ օրեր չեն լինում, ցանկացած օր խորհրդանշում է շատ հստակ իրադարձություն, յուրաքանչյուր զոհ պայմանավորված է հստակ տեղի ունեցած ողբերգությամբ։ Երբ բոլոր օրերը մեկտեղում են իրար հետ, ապա թուլացնում է պատմական հիշողությունը, դարձնում վերացական։ Դա նույնն է, որ օրինակ՝ մեկը հարցնի՝ ե՞րբ է ծնվել Նիկոլ Փաշինյանի, նրան պատասխանեն. «դե հստակ տարեթիվ, օր ու ամսաթիվ չունի, մոտավորապես 20-րդ դարի երկրորդ կեսերին»։ Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ իրեն զրկեն իր հասցեից, ապա հայ ժողովուրդը նման մոտեցումը մերժում է, ու որքան էլ ՔՊ-ական իշխանությունը քար լռություն պահի սեպտեմբերի 27-ի օրը, միևնույնն է, այդ օրը հոսքը «Եռաբլուր» չի դադարելու, որովհետև նույնիսկ նրանք, որոնք ընտրություններին ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, նրա հետ մեկտեղ չեն կիսում վերջինիս ուրացումը։

Սակայն այս լռությունն իշխանությունների կողմից ունի նաև հոգեբանական կողմ։ Շատերը այն պայմանավորում են Ալիևի պարտադրանքով, սակայն իրատեսական չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պարտադրեն անել մի բան, այն է՝ մարդկանց հիշողություններից ջնջել 44-օրյա պատերազմը, ինչն անելն անհնար է։ Հատկապես, երբ այդ նույն օրը Ադրբեջանն իրենց զոհերի հիշատակը հարգում է պետականորեն։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է առերեսվել իրականությանը, նա գիտակցում է, որ «Եռաբլուրը» քառապատկվել է իր մեղքով, Արցախը հանձնել է ինքը, Հայաստանը ձգտում է արժեզրկել ինքը, հետաևաբար փորձում է փախչել իրականությունից, փախչել ինքն իրենից, սակայն ինչպես Արթուր Մեսչյանն իր հայտնի երգում է ասում. «Ուր պետք է փախչես ինքդ քեզանից»։

Կարեն Կարապետյան