Փաշինյանը պետք է Հայոց պատմության էջերում ցույց տա այն «դարերը», երբ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցել ենք. ԽՍՀՄ-ը տևել է 69 տարի. Mediahub

Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ կա՛մ չի տիրապետում պատմությանը, կա՛մ չի հասկանում բառերի նշանակությունը։

ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած իր ելույթում նա համոզմունք հայտնեց, որ «հայերն ու ադրբեջանցիները դարերի խաղաղ գոյակցության փորձ ունեն»։ Ի գիտություն ՀՀ վարչապետի, նշենք, որ դարեր բառը հոգնակի է ու նշանակում է ոչ թե մեկ, այլ մեկից ավելի՝ մի քանի դար։

Չենք ցանկանում ելնել այն կանխավարկածից, որ Խորհրդային Միությունն է ստեղծել ադրբեջանցի ազգությունը, այլ ընդամենն ուզում ենք փնտրել մեր պատմության էջերում այս գոյակցության ապացույցները ու ոչ մի ձև գտնել չի հաջողվում։ Նրա կողմից շեշտված «դարերի խաղաղ գոյակցությունը» հիմնականում ընդգրկել է միայն խորհրդային ժամանակահատվածը, սակայն այն ոչ միայն դարեր, այլ նույնիսկ մեկ դար չի տևել, քանի որ Խորհրդային միությունը պաշտոնապես կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերին, փլուզվել` 1991 թվականի դեկտեմբերին, այսինքն տևել է ընդամենը 69 տարի։

Այդ «դարերին» թեկուզ որոշ վերապահումով գումարել չի լինի նույնիսկ ԽՍՀՄ-ին նախորդած Անդրկովկասյան սեյմի ժամանակահատվածը, որովհետև այն, կազմավորվելով 1918 թվականին, տևել է ընդամենը մի քանի ամիս ու որևէ եղանակ չի ստեղծում։

Առանձին քննարկման թեմա է նաև, որ այդ «խաղաղ գոյակցությունը» պայմանավորված չէր միմյանց հանդեպ «բարեկամական անկեղծ մղումներով», կամ որ չկային խնդիրներ։ Պարզապես այդ «խաղաղ գոյակցությունը» պարտադրված էր ԽՍՀՄ-ի կողմից ու տեղավորված՝ «եղբայրական ժողովուրդներ» գաղափարախոսության շրջանակներում։

Այն, որ Ադրբեջանը փորձում է իր համար պաշտոնական պատմություն կերտել ու դրա արմատները տանել դարերի խորքեր՝ նորություն չէ, սակայն ինչ-որ առումով նորություն է, որ այդ պատմության կերտմանը նպաստում է նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ինչի անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Իհարկե հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը բխում է խաղաղություն հաստատելու տրամաբանությունից, սակայն ամենևին պարտադիր չէ այդ ձգտմանը հասնել ավելորդ բառեր օգտագործելով։

Օրինակ՝ «խաղաղությունն» ամենևին չէր տուժի, եթե Նիկոլ Փաշինյանը ընդամենն ասեր, որ «հայերն ու ադրբեջանցիներն ունեն խաղաղ գոյակցության փորձ», առանց «դարերով» բառի կիրառման։

Հարկ է նշել, որ միջպետական ու միջազգային հարաբերություններում ամեն բառն ունի իր նշանակությունը, ու եթե նույնիսկ մարդը ինչ-որ բառ է օգտագործում իր խոսքին պարզապես գեղեցկություն հաղորդելու համար, միևնույնն է, այդ բառն ունենում է իր հետևանքները։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նպաստում է ադրբեջանցիների պատմության կերտմանը, այլև կամա թե ակամա կեղծում է հայ ժողովրդի պատմությունը։ Հետևաբար նա պարտավոր է հղում անել Հայոց պատմության այն էջերին, որոնցում ամրագրված են ադրբեջանցիների հետ «խաղաղ գոյակցության» դարերը։