Պետությունը մեղավոր է ԵԿՄ-ի առաջ. այն լուծարելու փոխարեն, բոլոր ժամանակներում օգտագործեց ներքաղաքական նպատակներով
Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի պետական ինստիտուտներից ու խորհրդանիշներից, հաճախ է հայտարարում, որ պետության մեջ պետություն չպետք է լինի։ Իհարկե նա մանիպուլացնում է հարցը, քանի որ պահպանելով Արցախի պետական ինստիտուտները, ամենևին չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության մեջ գործում է մի այլ պետություն, որը չի ենթարկվում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հանդես է գալիս որպես առանձին միավոր։ Արցախի պետական ինստիտուտները միտված են Արցախի հարցի պահպանմանը միջազգային օրակարգում և ակնհայտ է, որ վերացնելով դրանք Նիկոլ Փաշինյանը փորձում է թուլացնել Ալիևի նյարդը, ինչպես այս վերջերս սովորություն է դարձրել այդ մասին ազդարարելու։
Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը հարցին անդրադառնում է «պետության մեջ պետություն լինելու» անթույլատրելիության տեսանկյունից, ապա ինչո՞ւ երբեք չի խոսում այն մասին, որ անթույլատրելի է պետության մեջ ունենալ ոչ պետական ռազմական միավորում, ինչպիսին ԵԿՄ-ն է (Երկրապահ կամավորականների միություն), որն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ։
Ընդհանրապես ԵԿՄ-ի գոյությունը վիճելի է այնպիսի պայմաններում, երբ պետությունն ունի կանոնավոր բանակ։ Սովորաբար յուրաքանչյուր պետություն, որը բախվում է պատերազմի, ապա դրանից հետո անցնում է հետպատերազմյան սինդրոմի միջով։ Այդ սինդրոմն առավել զգալի է դառնում այն ժամանակ, երբ պատերազմին մեծամասամբ մասնակցում են կամավորական սկզբունքով։ Մարդիկ սկզբում պատերազմ են մեկնում հայրենասիրական մղումով, սակայն վերադառնալուց հետո շատերի մոտ հաճախ ծնվում են չարդարացված քաղաքական ամբիցիաներ, պահանջատիրություն պետության կառավարման գործում՝ «մասնաբաժնի» տեսքով, մուննաթ հասարակության հասցեին և այլն։ Իհարկե պատերազմի մասնակիցները պետք է արժանանան ընդգծված հարգանքի, բայց հասարակության մեջ իրենց տեղը պետք է գրավեն ըստ արժանիքի, այլ ոչ ըստ իրենց պատկերացրածի։ Ու այստեղ պետությունն ունի կարևորագույն գործառույթ, շեղել այդ մարդկանց ուշադրությունը երկրի կառավարումից, միաժամանակ արժանացնել վաստակած մեծարանքի։ Պետությունը չպետք է թույլ տա նաև, որպեսզի նրանց մոտ առաջանա վիրավորվածության ու չգնահատվածության գիտակցում:
Օրինակ՝ Արցախյան առաջին պատերազմից հետո, որի գրեթե ողջ ծանրությունն ընկած էր կամավորականների ուսերին, աստիճանաբար պատերազմի մասնակիցների մեծամասնությանը (խոսքը վերնախավի մասին է) պետք է հեռու պահեին պետական կառավարումից ու օրենսդիր մարմնի անդամ լինելուց, իսկ ԵԿՄ-ն պետք է աստիճանաբար լուծարվեր։ Սակայն դա չարվեց, կամ արվեց մասամբ։ Ճիշտ է շատերը համալրեցին արդեն գոյություն ունեցող կանոնավոր բանակի շարքերը, բայց քայլերը մնացին կիսատ։ Ոմանք գուցե այդպես էլ մնային պատերազմի հերոսներ ու երբեք նրանց հասցեին բացասական վերաբերմունք չձևավորվեր, եթե չթափանցեին Ազգային ժողով, չստանային այնպիսի արտոնություններ, ինչի արդյունքում հնարավորություն կունենային «ուզուրպացնելու» ամբողջական բնակավայրեր, երբեմն էլ մարզեր։ Պետությունը ոչ թե պետք է օգտագործեր նրանց ներքաղաքական նպատակներով, այլ ինչպես Նիկոլ Փաշինյանն է սովորություն դարձրել արտահայտվելու, թուլացներ նյարդը։ Նրանք պետք է օգտվեին արտոնություններից, նրանց անունները պետք է զարդարեին պատմության էջերը, բայց միաժամանակ պետք է գնահատվեր նաև այդ մարդկանց ունակությունները, թե ով կարող է իրոք օգուտ բերել երկրի կառավարման գործում և ով ավելի պիտանի կլինի այլ ոլորտում։ Սա շատ զգայուն հարց է, որը պահանջում էր բանիմաց մոտեցում ու մշակված քաղաքականություն։
Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը, ԵԿՄ-ն ցավալիորեն դարձավ բոլոր ժամանակների իշխանությունների ձեռքին ներքաղաքական գործիք ու շարունակում է մնալ այդպիսին։ Օրինակ՝ 1998 թվականին ԵԿՄ-ն հանդիսացավ հեղաշրջման կորիզը, համենայն դեպս այն գործոններից մեկը, որն օգտագործվեց տվյալ պահի իշխանությունների դեմ։ Հետևյալ բոլոր տարիներին ԵԿՄ-ն հլու հնազանդ ծառայեց օրվա իշխանություններին, այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանին ու երբեմն նախընտրական քարոզարշավների ժամանակ օգտագործվում ընդդիմության դեմ, որպես մարզերում պատժիչ մահակ։ ԵԿՄ-ի ստեղծման պահից գրեթե ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն անուն, ազգանունները։
Օրինակ՝ նախկինում ԵԿՄ ղեկավարը Մանվել Գրիգորյանն էր ու հայտարարում էր, որ «ձեռք կտա նրանց հետևներին, ովքեր կփախնեն», այսօր ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը հայտարարում է, որ Հայաստանը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Իհարկե Մանվել Գրիգորյանը ճիշտ էր, եթե ուշադրություն չդարձնենք արտահայտման ձևին, վախկոտներին պետք է պատժել։ Բայց դա չի նշանակում, որ Սասուն Միքայելյանը պակաս «դուխով» տղա է։ Ո՛չ, պարզապես փոխվել է իշխանությունը, փոխվել են ԵԿՄ-ին ներկայացված պահանջները։ Մի ժամանակ հաղթած պետություն էինք, հանդես էին գալիս այդ դիրքերից, հետևաբար ԵԿՄ-ն էլ առաջ էր գնում «ոչ մի թիզ հետ» տրամաբանությամբ ու պատրաստ էր «հասնել մինչև Բաքու»։
Այսօր պետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որը կործանեց Արցախը ու պատրաստվում է Հայաստանը դնել թյուրքական աշխարհի սպասարկման սեղանին, ԵԿՄ-ն էլ հանդես է գալիս նորօրյա տրամաբանությամբ։ Այսինքն, ինչպիսի պատվեր իջեցվում է, այդ էլ կատարվում է։
Այս խոսքերը ամենևին չեն վերաբերում ԵԿՄ շարքային անդամներին, թե՛ նախկինում, թե՛ հիմա ԵԿՄ-ում կան իրոք հայրենասեր մարդիկ, և փառք ու պատիվ նրանց։ Վերջապես հենց կամավորականների շնորհիվ մենք հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում, նրանք կազմեցին նոր ձևավորվող բանակի հիմքը, Եռաբլուրը լի է նրանց շիրիմներով, ու այստեղ մեղավորությունը ոչ թե այդ մարդկանցն է, այլ պետությանը, որն օգտագործում է այդ կառույցը ներքաղաքական նպատակներով։
Վերջապես պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, հերոսությունը պայմանավորված է դրվագով, ու եթե մարդը իրեն քաջաբար է պահում մարտի դաշտում, չի կարելի նույն քաջությունն ակնկալել քաղաքացիական կյանքում ևս, հետևաբար ամենևին պետք չէ զարմանալ, որ նույն Սասուն Միքայելյանը, որը մարմնում կրում է մի շարք բեկորներ, այսօր հանդես է գալիս հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում նրա անցած ուղուն։
Շատերը նաև զարմանում են, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդիկ, որոնք ժամանակին վտանգել են կյանքը պատերազմում ու անվախորեն կռվել թշնամու դեմ, դրանից հետո սկսել են վախենալ իշխանություններից ու վերածվել վերջիններիս գործիքի։ Պատասխանը ավելի քան պարզ է, մի ժամանակ կշեռքի նժարին էր միայն իրենց կյանքը, հետագայում նժարին հայտնվեց ունեցվածքը։ Ու երբ բախման մեջ են մտնում կյանքն ու կապիտալը, սովորաբար հաղթում է վերջինս։
Կարեն Կարապետյան