Բիշքեկում Պուտինը Փաշինյանին տարանջատեց հայ ժողովրդից, ինչը Հայաստանի համար հղի է աղետալի հետևանքներով. Mediahub
Երբեմն լինում են հաղորդումներ, որոնց մասնակիցները թեպետ արտաքնապես երկուսն են, սակայն մեկը հիմնականում լինում է «բուտաֆորիա», որպեսզի գլխավոր բանախոսը խոսելուց նայի ինչ-որ մեկին ու նրա հիմնական «առաքելությունը» ժամանակ առ ժամանակ գլուխը տմտմբացնելն է ու ինչ-որ բառեր արտաբերելը։
Ահա հենց նմանատիպ ֆորմատի հաղորդում էր երեկ հիշեցնում Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Թեպետ պաշտոնապես հանդիպել էին երկու երկրների ղեկավարներ, սակայն տպավորություն էր, որ Փաշինյանը Պուտինի համար ընդամենը «տրանզիտ» ճանապարհ էր, որի միջոցով նա դիմում է հայ ժողովրդին։
Ընդհանրապես քաղաքական որոշումները կայացնում են երկրների ղեկավարները, այլ ոչ ժողովուրդը, ու այդ մասին Պուտինը շատ լավ գիտի։ Օրինակ՝ երբ ռուսական զորքերը պետք է ներխուժեին Ուկրաինա, նախապես Պուտինն այդ մասին Ռուսաստանում հանրաքվե չի անցկացրել, ոչ էլ ԱՄՆ-ում է հանրաքվեի դրվել Իրանի դեմ ռազմանակ գործողություններ սկսելու որոշումը։ ԵՄ-ն նույնպես համաեվրոպական հանրաքվեի միջոցով չի որոշել սեփական տնտեսությունը քամելու գնով հակառուսական գործողությունների դիմելու քայլերը, ոչ էլ Վրաստանում է հանրաքվե իրականացվել արևմտյան կողմնորոշումից դեպի ռուսականը վերադառնալու քաղաքականությունը։ Նմանատիպ հարցերը երբեք չեն որոշվում հանրաքվեների միջոցով, դրանք գտնվում են բացառապես իշխանության իրավասությունների տիրույթում։ Ժողովուրդն իր անհամաձայնությունը կարող է հայտնել միայն հանրահավաքների, ցույցերի ու բողոքի ակցիաների միջոցով ու եթե լինի այնպիսի ճնշում, որին իշխանությունը չկարողանա դիմագրավել, ապա տեղի կունենա իշխանափոխություն ու միայն այդ դեպքում ժողովուրդը տեսականորեն կկարողանա ձևավորել այնպիսի նոր իշխանություն, որը կիրականացնի այն արտաքին քաղաքական կուրսը, որի համար ինքը եկել է իշխանության։ Իսկ ինչո՞ւ եմ նշում տեսականորեն, որովհետև նույնիսկ այդ դեպքում երաշխավորված չէ, որ նոր իշխանությունը կգնա այն ճանապարհով, որը խոստացել էր նախքան իշխանություն դառնալը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գրեթե 100 տոկոսով կարող ենք պնդել, որ երբեք հանրաքվեի չի դրվի այն հարցը, թե հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները ինչպես են պատկերացնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը, դեպի ԵՄ անդամակցություն, թե՞ մնալ ԵԱՏՄ կառույցում, ինչպես նաև երբեք հանրաքվեի չի դրվի այնպիսի հարց, թե՞ արդյոք իմաստ ունի ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, թե՝ ոչ։ Ու դա շատ լավ հասկանում է Պուտինը։
Հետևաբար հարց է առաջանում, ի՞նչ իմաստ ունի առաջարկել մի բան, որի պատասխանը ակնհայտ է։ Ամբողջ հանդիպման ընթացքում Պուտինի խոսույթը ցույց էր տալիս, որ նա տարանջատում էր Փաշինյանին հայ ժողովրդից, նա Փաշինյանի միջոցով դիմում էր հայ ժողովրդին։
«Եթե հայ ժողովուրդն ընտրի ԵՄ անդամակցության ճանապարհը՝ Ռուսաստանը կհարգի այդ ընտրությունը», «եթե հայ ժողովուրդը որոշի, որ ռուսական ռազմական բազաներն այլևս անելիք չունեն Հայաստանում, մենք հաջորդ օրը կհեռանանք»։ Սա նաև շատ վտանգավոր խոսույթ է՝ հղի աղետալի հետևանքներով։ Նման խոսույթը հիմք է թողնում հետագայում Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ կառավարության ցանկացած որոշում, որը ձեռնտու չլինի ՌԴ շահերին, համարել ոչ լեգիտիմ, որոնք չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը, ու դիմելու կոշտ գործողությունների։ Պուտինի նման խոսույթը ժպիտի տակ քողարկված սպառնալիքներ էին, ինչը շատ լավ զգում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Այնպես որ նույնիսկ նրանց, որոնք ունեն հակաիշխանական տրամադրություններ, կամ նրանց, որոնք ունեն պրոռուսական հայացքներ, խորհուրդ կտայի առանձնապես շատ չոգևորվել Բիշքեկում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից, որովհետև եթե մի օր Ռուսաստանը որոշի «պաշտպանել» հայ ժողովրդի շահերը, այդ փլատակների տակ մնալու ենք բոլորս։
Կարեն Կարապետյան