«Բարև, ո՞նց ես։ Բան չէ, դու ասա։ Ես էլ նույնը». սա է այն հարցերի շրջանակը, որոնց մասին Փաշինյանն ու Ալիևը խոսել են Բիշքեկում. Mediahub

Դատելով Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման պաշտոնական հաղորդագրությունից` այդ հանդիպումը կարող էր և տեղի չունենալ։ Հանդիպումը մոտավորապես նման էր (համենայնդեպս պաշտոնական հաղորդագրությունը) աշխարհի ամենասովորական ու ծեծված (հայերի մոտ ընդունված) երկխոսությանը. «Բարև, ո՞նց ես։ Բան չէ, դու ասա։ Ես էլ նույնը»։

Կողմերը կարևորել են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերել նախկինում ու հավելյալ անգամ պայմանավորվել են շարունակել նախկինում ձեռք բերված ու այսօր կրկին կարևորված պայմանավորվածությունները։ Այսինքն, կողմերը պայմանավորվել են նոր բան չպայմանավորվել։ Այդ դեպքում բաց է մնում ամենակարևոր հարցը, որն այդ ամբողջ պայմանավորվածությունների հիմքում է. ո՞ւր է «խաղաղության պայմանագիրը», եղե՞լ է ակնարկ դրա հնարավոր կնքման ժամկետների մասին։ Բնականաբար՝ ոչ։ Իհարկե, Ադրբեջանն ունի պայման, մինչև չփոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որևէ «խաղաղության պայմանագիր» չի կնքվելու, սակայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ոչ թե պայմանագրի չկնքման պատճառն է, այլ առիթը, որովհետև իրականում բացակայում է Ալիևի ցանկությունը, հետևաբար այս «խաղաղության գործընթացը» տեղի է ունենում ոչ թե երկկողմ քաղաքական կամքի, այլ պարտադրանքի տրամաբանության շրջանակներում։ Ու այդ մասին բաց տեքստով հայտարարում է Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ինքը խաղաղության է գնում գիտակցված, որպես քաղաքական որոշում, որի հիմքում ոչ թե կապիտուլյացիան է, այլ կամքը։ Նա Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների զիջումը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերումներ, որպես նվաճում ու հաղթանակ։ Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը կարող էր լռել Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ ու թույլ տալ նրան «մխիթարվելու» ու վրայից «կապիտուլյանտի» պիտակը ջնջելու փորձեր աներ։ Մեծ հաշվով, Ադրբեջանը ոչինչ չէր կորցնելու նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի դեմքով կներկայանար սեփական հանրության մոտ։ Բայց Ալիևը Փաշինյանին զրկում է նույնիսկ դեմքը փրկելու հնարավորությունից։

Օրերս Ալիևն իր հարցազրույցներից մեկում առանց այլևայլության հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին կնքված Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փաստաթուղթը կապիտուլյացիայի ակտ էր Հայաստանի կողմից, շարունակելով, որ նրանք Քելբաջարի, Լաչինի ու Աղդամի շրջանները վերադարձրել են ոչ թե կամավոր, այլ հարկադրանքի արդյունքում, իսկ «պատերազմի պայմաններում եթե դու որևէ մեկին հարկադրում ես, ապա դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել»,- եզրափակել է Ալիևը։

Իհարկե, նա, մեղմելով իր խոսքը հավելել է, որ «կապիտուլյացիա տերմինում պետք չէ փնտրել որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ։ Սա պարզապես իրականություն է», բայց դա ընդամենը լիրիկայի ժանրից է։ Փաստը մնում է այն, որ Ալիևը Փաշինյանին համարում է ոչ թե տարածաշրջանային գործընկեր, որի հետ պետք է կնքի իրավահավասար պայմանագրեր, այլ կապիտուլացված անձ, որը պետք է կատարի իր կամքը։

Հետևաբար հենց դա է պատճառը, որ «խաղաղության պայմանագրի» մասին ոչ մի խոսք չի եղել, քանի որ կապիտուլյացիա ստորագրողի հետո ոչ թե «խաղաղության պայմանագիր» են կնքում, այլ բազմապատկում ու հազարապատկում են կապիտուլյացիայի կետերն ու դրանցից բխող պահանջները։

Ցավալի է, որ նույնիսկ Ալիևն է գուցե ոչ գիտակցաբար ակնարկում, որ կապիտուլյացիա ստորագրող անձը չի կարող հավասարը հավասարի հետ նստել բանակցությունների, մինչդեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը 2-րդ անգամ անընդմեջ ստանում է վերարտադրության հնարավորություն։

Կարեն Կարապետյան