«Իրական Հայաստան»-ը հռչակելով պաշտոնական գաղափարախոսություն, Փաշինյանը մեզ դեպի ժողովրդավարությո՞ւն է տանում, թե՞ դեպի բռնապետություն. Mediahub

Դեռևս օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ընտրությունների միջոցով «իրական Հայաստան»-ը հաղթանակել է ու դարձել պաշտոնական գաղափարախոսություն, իսկ Կառավարության ծրագրի հաստատմամբ կհիմնադրվի Հայաստանի 4-րդ Հանրապետությունը։

Երեկ հաստատվեց ծրագիրը, ինչով էլ փաստացի դրվեց այդ 4-րդ Հանրապետության հիմքը։ Ստացվում է, որ մենք այսօր արթնացել ենք նոր Հանրապետությունում, ինչը զարմանալիորեն գտավ այնքան թույլ արձագանք, որ կարելի է համարել՝ ընդհանրապես ուշադրության չարժանացավ։

Այնպես չէ, որ դա անակնկալ էր, քանի որ Փաշինյանը ազդարարել էր այդ մասին նախքան ծրագրի հաստատումը, այնպես որ որևէ մեկը չի կարող իրեն միամիտի տեղ դնել ու տեղավորվել Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատ»-ը կերպարում, թե բա «Էն Համոն թաքուն մածունը կերավ, գնաց տատի մոտ ինձ վրա դրավ»։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ 4-րդ Հանրապետության հռչակմամբ փորձ է արվում փակել Հայաստանի Հանրապետության հաղթական էջերը, ու պետությունը տանել միանգամայն այլ ուղղությամբ, այլ տրամաբանությամբ ու այլ փիլիսոփայությամբ, այլ անդրադառնանք նրան, ավելի ճիշտ նաև այն հանգամանքին, որ այդ նոր Հանրապետության հիմքում դրվում է իշխող ուժի, ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան»-ը, որպես պաշտոնական գաղափարախոսություն։

Ժողովրդավարական պետությունը չի կարող ունենալ պաշտոնական գաղափարախոսություն, քանի որ նման բան տեղի է ունենում տոտալիտար ռեժիմներում, երբ իշխող ուժի տեսակետը պարտադրվում է բոլորին ու հռչակվում երկրի պաշտոնական գաղափարախոսություն։ Պաշտոնական գաղափարախոսություններ ունեցել են ֆաշիստական Գերմանիան՝ Հիտլերի առաջնորդությամբ, Իտալիան՝ Մուսոլինիի ղեկավարմամբ, միլիտարիստական Ճապոնիան՝ Հիդեկի Տոձիոյի վարչապետությամբ, ԽՍՀՄ-ը և այլն։

Հետևաբար նման շեշտադրմամբ հանրապետության հռչակումը ոչ միայն մեզ հեռացնում է ժողովրդավարական արժեքներից, այլև ևս մի քայլով մոտեցնում է տոտալիտարիզմի վերջնական հաստատմանը։