ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեի պահանջը կեղծ օրակարգ է. Փաշինյանը չի նմանվի այն ամուսնուն, որը բաժանվելով կնոջից, ապրում է շքամուտքում. Mediahub

Երբ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Վլադիմիր Պուտինին, թե այդ մե՛նք պետք է որոշենք ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվե անել, թե՝ ոչ, դրանով փորձում է ստեղծել «աննախադեպ ինքնիշխանի» պատրանք։ Սակայն այդ նույն վստահ տոնը փոխվում է, երբ հարցը հասնում է Իլյան Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջին։ Այս անգամ նրա տոնայնությունը դառնում է մեղմ, մանիպուլացնելով, իբր մենք վաղուց էինք պատրաստվում փոխել ՀՀ Սահմանադրությունը։

Իսկ իրականում, եթե Ալիևի պահանջն իրականացնելը բախվել է տեխնիկական դժվարությունների, այն է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում չի ստացել այնպիսի մեծամասնություն, ինչը կապահովեր անհրաժեշտ ձայները Սահմանադրությունը փոխելու համար, ապա Պուտինի առաջարկն իրականացնելու դեպքում, Նիկոլ Փաշինյանը կբախվեր աղետի, հակառակ դեպքում ոչինչ նրան չէր խանգարելու, որպեսզի նա հայտարարեր, որ մենք այդ մասին մտածում էինք դեռևս մինչև 2018 թվականը։

Սահմանադրական հանրաքվեի հետ կապված կա նաև մի այլ խոչընդոտ, ինչն ավելի է բարդացնում Նիկոլ Փաշինյանի դրությունը։ Նա չի կարող ակնկալել նույնիսկ այն քվեները, որը ստացել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև այդ երկուսին ընտրողը մոտենում է տարբեր տրամաբանությամբ։ Եթե խորհրդարանական ընտրությունների միջոցով մարդիկ հույս են ունենում, որ այդպիսով հնարավոր է փոխվի իրենց սոցիալ-տնտեսական վիճակը, ապրեն ավելի բարեկեցիկ կյանքով, ապա հանրաքվեն, իրենց պատկերացմամբ, որևէ կերպ չի առնչվում կյանքի որակի հետ։

Պետք է նաև իրատես լինել, ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեն ոչ թե իրական օրակարգ է, այլ քաղաքական ճնշում Ռուսաստանի կողմից, որովհետև թե՛ Պուտինը, թե՛ Փաշինյանը հասկանում են, որ եթե նույնիսկ հանրաքվե իրականացվի ու հաղթի Հայաստանի իշխող ուժի տեսակետը, այն է՝ ԵՄ անդամագրումը, ապա Փաշինյանը կնմանվի այն տղամարդուն, որը բաժանվում է կնոջից ավելի լավին գտնելու հույսով, սակայն արդյունքում վերածվում է «բոմժի»։

Իսկ պատճառն այն է, որ նման հանրաքվեի արդյունքում Հայաստանը կարող է վերջնականապես փակել ԵԱՏՄ դուռը, բայց հանդիպել այս անգամ ԵՄ փակ դռանը ու արդյունքում ստիպված լինի ապրել շքամուտքում։

Այդ հանրաքվեի մասին ցանկացած քննարկում կեղծ օրակարգ է ու հանրությունը պետք է հստակ հասկանա, որ այն մեզ համար որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ դրական իմաստով։ Եթե մենք նույնիսկ ազգովի հավաքվենք ու հանրաքվեի 100 տոկոսանոց արդյունքով որոշենք, որ վերջ, անդամագրվելու ենք ԵՄ-ին, դա դեռ չի նշանակում, որ որևէ մեկը հաշվի է նստելու մեր որոշման հետ։ Միակ հետևանքը կլինի այն, որ մենք վերջնականապես կկորցնենք այն շուկան, որն ունենք, արդյունքում ստանալով ոչինչ։

ԵՄ-ն մի ինչ-որ անդեմ միավոր չէ, որպեսզի յուրաքանչյուր պետություն որոշի հանրաքվե անել ու իր ներքին արդյունքներով պայմանավորված անդամագրի այդ կառույցին։ Նույն հաջողությամբ մենք կարող ենք հանրաքվե անել ու անդամագրվել ՆԱՏՈ-ին, կամ հանրաքվե անել ու Խաղաղ օվկիանոսը հռչակել հայկական։

Այսինքն, եթե նույնիսկ այդ հանրաքվեն կյանքի կոչվեր ու եթե նույնիսկ հաղթեր Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը, դա մեզ ոչ մի լավ բանի չէր հասցնի։ Ու այդ բանը շատ լավ հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, հակառակ դեպքում նա չէր մեկնի Ղրղզստան։ Նիկոլ Փաշինյանը պետք է անի հնարավորինս, որպեսզի ԵԱՏՄ շուկան մեզ համար վերջնականորեն չփակվի, քանի որ որքան ավելանում են ռուսական պատժամիջոցները, այդքան ԵՄ շուկան մնում է փակ։ Եթե չհաշվենք այն սիմվոլիկ արտահանումները, որոնք տեղի են ունենում դեպի Եվրոպա, ապա պետք է փաստենք, որ դեպքերի նման զարգացման պայմաններում Հայաստանում հասունանալու է նաև բունտ։ Բայց եթե հասարակական ընդվզումը վտանգում է իշխանության քաղաքական գոյությունը, ապա փակ շուկաները հարված են հասցնում թե՛ տնտեսվարողներին, թե՛ պետության տնտեսությանն առհասարակ։

Կարեն Կարապետյան