Թափառող կենդանիների հարցը դարձել է ազգային անվտանգության խնդիր. հատկապես երեկոյան ժամերին փողոցների տերերը շներն են. Mediahub

Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը դարձել է գրեթե ազգային անվտանգության հարց։ Այսօր հերթական անգամ հայտնաբերվել է հոշոտված մարդու դի՝ երկրորդը մեկ ամսվա ընթացքում։ Ընդ որում, բազմաթիվ են ահազանգերը, երբ թափառող շները հարձակվում են երեխաների ու կանանց վրա։ Հատկանշական է, որ նման դեպքերում երբ հարձակման ենթարկվածը ինքնապաշտպանության նպատակով վնասում է տվյալ կենդանուն, անպայման ենթարկվում է երկրորդ հարձակմանը, այս անգամ կենդանիների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ու կենդանասերների կողմից։

Միանգամից հաղորդում է ներկայացվում ոստիկանություն՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով, հարձակման ենթարկվածը «որակվում է» որպես «տականք», որն ինքն է դրդել շանը իրեն հոշոտել, իսկ շունն էլ, եթե նույնիսկ միջինասիական ալաբայ լինի, կենդանասերների կողմից վերածվում է «խեղճ շունիկի»։

Իհարկե, դատապարտելի է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելը, դա ոչ միայն պետք է քրեորեն պատժվի, այլև արժանանա հասարակական պարսավանքի, սակայն անընդունելի է նաև, երբ մարդ-կենդանի «հարաբերություններում» մարդը արժեզրկվում է ու բոլոր պարագաներում դառնում «մեղավոր»։

Սակայն սա մտածելակերպի խնդիր է։ Նա, ով թափառող շանն ավելի շատ է սիրում, քան մարդուն, դա իր իրավունքն է, ավելին՝ անհնար է նրան համոզել, որ, այնուամենայնիվ, մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու բաձրագույն արժեք է, որին ոչ մի պարագայում չպետք է երկրորդել, ու երբ նա ենթարկվում է հարձակման որևէ շան կողմից, սխալ է «զոհին» դարձնել «հանցագործ», իսկ հոշոտողին՝ «անմեղ» արարած։

Հետևաբար որպեսզի թե՛ մարդիկ ապահով լինեն, թե՛ կենդանիները՝ պաշտպանված, ու թե՛ կենդանասերների խիղճը՝ հանգիստ, այստեղ մեծ անելիք ունի պետությունը։ Կյանքը ցույց է տվել, որ ստերջացումն ու կենդանիների հարցերով զբաղվելը համայնքներին թողնելը արդյունավետ լուծում չի հանդիսանում։ Այս հարցում պետք է լինի համալիր մոտեցում ու պետության հստակ աջակցությունը։

Ստերջացումից բացի պետք է գործեն կենդանիների խնամքի կենտրոններ, իսկ երբ հարցի լուծումը թողնում են միայն համայնքների վրա, որոնք ստերջացումից բացի այլ միջոցներ չունեն, ապա շատ դեպքերում որևէ համայնք իր մոտից շներին տեղափոխում է հարևան համայնք ու այդպիսով հարցը համարում լուծված՝ համենայնդեպս իր մասով։ Ըստ այդմ՝ կա՛մ պետությունն ինքը պետք է հիմնի նման կենտրոններ, կա՛մ ստեղծի այնպիսի նպաստավոր պայմաններ, որ մասնավորը շահագրգռված լինի այդպիսի կենտրոնների բացմամբ։ Սակայն այսօր բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը, արդյունքում շները շարունակում են հարձակվել մարդկանց վրա, ու ցավալիորեն գրանցվում են նաև մահվան դեպքեր։

Կարեն Կարապետյան