Ովքե՞ր են վերահսկելու իշխանության ձայները, եթե լուծարվեն մարզպետարանները. օպտիմալացում, թե՞ «բդեշխների» կրճատում. Mediahub

Ըստ լրատվամիջոցների՝ իշխանությունները պատրաստվում են լուծարել մարզպետարանները։ Գաղափարն ինքնին վատը չէ։ Ընդհանրապես մեր պետական համակարգը բավականին ուռճացված է, որը ոչ միայն պետական բյուջեի անարդյունավետ վատնում է, այլև խոչընդոտում է որոշ ինստիտուտների զարգացմանը։ Օրինակ՝ մարզպետարանները թե՛ ավելորդ օղակ են պետական համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև, և թե՛ խանգարում են վերջիններիս լիարժեք կայացմանը։ Բացի այդ, մարզպետարանները մեր իրականությունում ավելի շատ ունեն քաղաքական նշանակություն, իսկ մարզպետները յուրովի տեղական բդեշխներ են, որոնց հիմնական «գորխառույթը» ոչ թե մարզի համաչափ զարգացումն է, այլ ընտրությունները վերահսկելը, իսկ համայնքների ղեկավարներին «բռի մեջ» հավաքելը։ Արդյունքում այն համայնքները, որոնց ղեկավարները իշխանամետ են, ստանում են առավելություն ընդդիմադիր ղեկավարների հանդեպ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ առաջին դեպքում տվյալ համայնքը զարգանում է, երկրորդ պարագայում՝ ոչ։

Ստացվում է, որ մարդը, որը որքան էլ իր քաղաքական հայացքներով ընդդիմադիր լինի, ստիպված է լինում ընտրել իշխանամետ հայացքներ ունեցող ղեկավարի, որպեսզի վերջինս կարողանա օգտագործելով իշխանությունների «բարեհաճությունը», զարգացնել համայնքը։ Ու այդ ամբողջ կոորդինացիան դրված է հիմնականում մարզպետների ուսերին։ Իսկ մարզպետարանների աշխատակազմն էլ վերածվում է ընտրությունների ժամանակ իշխանության օգտին աշխատածների կամ տվյալ մարզում իշխող ուժի անդամների համար աշխատատեղերի, որպես խրախուսանք։ Արդյունքում ունենում ենք ուռճացված աշխատակազմ՝ ավելորդ վարչություններով, բաժիններով ու հաստիքներով։ Բացի այդ, շատ հաստատություններ, ինչպիսիք են դպրոցները կամ հիվանդանոցները, հայտնվում են երկակի ենթակայության տակ, մի կողմից մարզպետարանների, մյուս կողմից տվյալ ոլորտների նախարարությունների։ Ու ընդհանրապես առաջանում է մի անհեթեթ շղթա։ Համայնքի ղեկավարները ընտրվում են ուղիղ ժողովրդի կողմից, այսինքն ստանում են առաջնային մանդատ, սակայն նրանց վերահսկում են մարզպետարանները, որոնց կոորդինացնում է Տարածքային նախարարությունը, վերջինիս էլ հրահանգում է վարչապետը։

Այս շղթան հիշեցնում է իտալական մաֆիան, որտեղ «դոնը» դեմ առ դեմ հրահանգ էր տալիս խորհրդականին, նա իր հերթին այդ հանձնարարում էր «կապիտանին», վերջինս էլ իր կազմի անդամներից մեկին կարգադրում էր ի կատար ածել «ի վերուստ» եկած հրամանը։

Բայց վերադառնանք մարզպետարանները լուծարելու ու ընդհանրապես ավելորդ օղակները կրճատելու մտքին։ Որքան էլ գաղափարը լավը լինի, այդքան էլ հավատ չի ներշնչում, որ այս իշխանություններն այնուամենայնիվ կգնան այդ քայլին։

Նախ՝ մարզպետարանների լուծարումը ենթադրում է գործազուրկների ավելացում, երկրորդը՝ քաղաքական գործիքից հրաժարում, երրորդը՝ յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորությունների կրճատում։

Եթե վերջին երկուսը կարող ենք համարել բացառապես իշխող թիմի խնդիրը, ապա առաջինն իրոք ունի սոցիալ-հասարակական լուրջ բաղադրիչ։ Անկախ նրանից մարդը իշխանամետ է, թե՝ ընդդիմադիր, ամեն դեպքում նա ունի ապրելու ու ընտանիք պահելու խնդիր ու այդքան էլ արդարացի չէ, երբ մարդը աշխատանքից զրկվում է սոսկ մի որոշման արդյունքում։ Իհարկե դա չի նշանակում, որ պետական ապարատը երբեք չպետք է ենթարկվի ռեֆորմների, սակայն ցանկացած ռեֆորմ, որն իր մեջ պարունակում է մարդու համար բացասական էֆեկտ, պետք է իրականացվի ուղեկցվող ծրագրերով, որպեսզի համակարգի կրճատումները չհանգեցնեն մասայական գործազրկության։

Կարեն Կարապետյան