Արմեն Փամբուխչյանը փորձում է մեկտեղել «քուչի տղուն» ու Երևանի փոխքաղաքապետին. Mediahub

Աշխարհում բացառիկ երևույթ չէ, երբ տարբեր մակարդակի խորհրդարաններում տեղի են ունենում ծեծկռտուքներ, սակայն այլ բան է, երբ ծեծկռտուքը սկսվում է ինքնաբուխ, այլ բան, երբ այն հրահրում է նիստը նախագահողը, ինչպես այսօր՝ Երևանի քաղաքապետարանում։

Հավանաբար բոլորս էլ կյանքում հանդիպած կլինենք ոստիկանների, որոնք ասում են. «ախպեր, ես հո սաղ կյանքս միլիցա չե՞մ եղել, քուչում մեծացած տղա եմ, պրոստը գործ ա, աշխատում եմ, ընտանիք պահելու հարց կա»։ Այդ կերպ փորձելով իրենց մեջ մեկտեղել ոստիկանին ու «քուչի տղուն»։ Ահա ճիշտ այդպիսի վարքագծով այսօր աչքի ընկավ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Բնավ չենք փորձում Երևանի ավագանու այսօրվա ծեծկռտուքի մեղավորներ հռչակել կողմերից որևէ մեկին, սակայն ինքնին դա չի արդարացնում փոխքաղաքապետի պահվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյան կոչված է ոչ թե բենզին լցնել կրակի վրա, այլ մարել այդ կայծը, իր պահվածքով անել հնարավորինս, որպեսզի լարվածությունը չվերաճի ծեծկռտուքի։ Անկեղծ ասած, ինձ համար բացարձակ միևնույնն է, թե ավագանու անդամներից ով ում կծեծի ու կողմերից որը հաղթող դուրս կգա, սակայն ցավալիորեն նման իրավիճակներն ուղղակիորեն ազդում են Երևանի հեղինակության վրա, քանի որ վարկաբեկվում է ավագանին որպես ինստիտուտ, մարդկանց ընկալումներում արմատանում է այն թյուր կարծիքը, որ այդտեղ հավաքվում են քաղաքական ուժերի երկրորդ-երրորդ էշելոնների ներկայացուցիչները, որոնք չեն փայլում թե՛ իրենց քաղաքական գիտելիքներով, թե՛ բարեվարքությամբ ու դաստիարակությամբ։

Եվ որպեսզի նման պատկերացում ոչ միայն չձևավորվի, այլև չարմատանա, դրանով առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները ու իրենց օրինակով ապացուցեն, որ ավագանու ինստիտուտը իր կարևորությամբ ոչնչով չի զիջում խորհրդարանին ու տարբերությունը սոսկ գործառույթների մեջ է, այլ ոչ ներկայացուցիչների մակարդակի։

Բայց ինչպե՞ս կարող է քաղաքացին կարևորի այն ինստիտուտը, որի երկրորդ պաշտոնյան նիստի ժամանակ ասում է. «դավայ ըստուց» կամ «հելնես դուրս կասեմ քեզ ինչ կլնի»։ Էլի եմ շեշտում, եթե նույնիսկ վեճը հրահրել է հակառակ կողմը, պաշտոնյան ոչ թե իր լեքսիկոնով պետք է վեճը վերածի ծեծկռտուքի, այլ հարթի լարվածությունը։ Անձը, երբ զբաղեցնում է համապատասխան պաշտոն, ապա Արմեն Փամբուխչյանի մտածելակերպով ասած՝ ամենևին «զապադլո» չի լինի, երբ մինչև վերջ չարտահայտվի, եթե դրա գինը իրավիճակը հանդարտացնելն է։

Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ պտտվում են լուրեր, որ Արմեն Փամբուխչյանը հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին ու հավանաբար դրանով էր պայմանավորված նաև այն, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նա «ուրախ ավտոբուսի» մշտական ուղևորներից էր ու փորձում էր «սրտիկներ» շռայլել յուրաքանչյուր առիթով։

Չգիտենք, կհասնի՞ արդյոք Փամբուխչյանն իր բաղձալի նպատակին, թե՝ ոչ, սակայն Երևանցիները արդեն իսկ պետք է հետևություն անեն, թե ինչ տեսարանների են հանդիպելու «քաղաքապետ» Արմեն Փամբուխչյանի պաշտոնավարման ժամանակ։ Թեպետ ամեն ինչ գուցեև օրինաչափ է։ Եթե վարչապետը սպառնում է կզզցնել ու մտցնել համապատասխան տեղը, ապա ինչո՞ւ պետք է քարոզարշավի ընթացքում նրան ուղեկցողը չասի․ «դավայ ըստուց»։

Կարեն Կարապետյան