Մանկահասակ քույրերն իրենց կյանքի գնով կանխեցին Փամբակ գետի մահվան շղթան. Mediahub

Երեկ փրկարարները հայտնաբերեցին Փամբակ գետում ջրահեղձ եղած քույրերից նաև ավագի՝ 13-ամյա աղջնակի մարմինը։ Օրեր առաջ հայտնաբերվել էր կրտսեր քրոջ՝ 7-ամյա երեխայի մարմինը։ Իհարկե սա այն դժբախտություններից է, որը քաղաքականացնելն անբարոյականություն կլինի, սակայն այնուամենայնիվ մանկահասակ երեխաների մահվան համար պետք է լինեն պատասխանատուներ ու կան։ Այդ պատասխանատուն մեկ անձ չէ ու պայմանավորված չէ մեկ դրվագով։ Այս երեխաների ու էլի մի շարք մարդկանց մահվան անուղղակի պատասխանատուները ՀՀ իշխանություններն են, ընդ որում, բոլոր ժամանակների իշխանությունները, անխտիր բոլոր, իսկ ուղղակի պատասխանատուներն են պատկան մարմինները, բոլոր ժամանակների մարզպետներն ու համայնքի ղեկավարները։ Պատասխանատուն է նաև գերքաղաքականացված մթնոլորտը, որը դուրս է մղում սոցիալական խնդիրները ու համայնքի ղեկավարն իրեն ներշնչում է, որ ինքը ստանձնում է մի պաշտոն, որի միակ գործառույթը ոչ թե համայնքի խնդիրներին լուծում տալն է, այլ ազգային խնդիրներով զբաղվելը։

Այն խողովակը, որը օրերս հեռացրեցին Փամբակ գետից ու որի վրայից տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ են ընկել գետը, նոր չէր հայտնվել այնտեղ, այն որպես «կամուրջ» էր ծառայում դեռևս խորհրդային տարիներից, մինչդեռ հիշեցնենք, որ Հայաստանն իր անկախությունը հռչակել է 1991 թվականին, այլ խոսքով՝ 35 տարի առաջ։ Այդ 35 տարիների ընթացքում գետն ընկած մարդկանցից մի մասին հաջողվել է փրկել, մյուսները մահացել են ու այդ չարաբաստիկ խողովակն ապամոնտաժվեց միայն այն ժամանակ, երբ քույրերի ջրահեղձ լինելը ստացավ հասարակական հնչեղություն։

Առավել քան վստահ եմ, որ Հայաստանում դեռևս կան բազմաթիվ այլ լքված կառույցներ, խողովակներ ու «կամուրջներ», որոնք շարունակում են խլել մարդկանց կյանքը ու դեռևս չեն ապամոնտաժվել միայն այն պատճառով, որ որևէ մեկը դեռ իր մահով չի առաջացրել հասարակական լայն հնչեղություն ու իր մահով չի կասեցրել մահվան շղթան։

Մինչդեռ այդ մահերը կարող էին և չլինել, եթե մարզպետն ու համայնքի ղեկավարը հասկանային, որ իրենք յուրաքանչյուր նմանատիպ դեպքի համար կկրեն քրեական պատասխանատվություն, կդատվեն որպես անուղղակի մարդասպաններ։

Անկեղծ լինենք, որո՞նք են եղել ու շարունակում են մնալ համայնքի ղեկավարների «առաջնային» պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում։ Կարծում եմ մեծ ճշմարտություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ՝ տվյալ ժամանակի իշխանության վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելը ու հիմնականում խրախուսվել են նրանք, որոնց շնորհիվ իշխող ուժին հաջողվել է հաղթանակ կորզել տվյալ մարզում կամ համայնքում։ Իսկ թե ապամոնտաժվել է որևէ անպիտան ու կյանքեր խլող խողովակ, թե՝ ոչ, դա այլևս որևէ նշանակություն չի ունեցել։

Նաև քաղաքական երեսպաշտություն է այն պնդումը, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապաքաղաքական են ու կոչված են զբաղվելու միայն համայնքի հարցերով։ Տեսականորեն այդ մոտեցումը կարող էր կյանքի իրավունք ունենալ մինչև օրենքի փոփոխությունը, երբ Տիմ ընտրությունները նույնպես դարձան կուսակցությունների համամասնական ցուցակով։ Այդ պահից սկսված համայնքային ցանկացած ընտրություն կրեց բացարձապես քաղաքական բնույթ ու յուրաքանչյուր քաղաքական միավոր ՏԻՄ ընտրությունները սկսեց դիտարկել որպես համախոհների մոբիլիզացիա ու տրամպլին՝ դեպի համապետական ընտրություններ։ Նման մթնոլորտում նույնիսկ անպիտան խողովակը ստացավ «քաղաքական» նշանակություն։ Այն բնակավայրերում, որտեղ մարդիկ սովորեցին նմանատիպ խողովակները օգտագործել որպես «կամուրջ», համայնքի ղեկավարները սկսեցին մատների արանքով նայել դրա աղետաբեր հեռանկարներին։

Հավելենք նաև, որ Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմիններ հասկացությունը միֆ է նաև այն պատճառով, որ տեղի ունեցավ համայնքների չտրամաբանված խոշորացում, ինչը ծառայեց ոչ թե համայնքի բնակիչների, այլ օրվա իշխանության քաղաքական շահերին։

Ցավալիորեն պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ այսօրվա անմեղ երեխաները վերջինը չեն լինելու այս մահաբեր շղթայում։ Աստված տա վերջինը լինեն տվյալ բնակավայրում ու տվյալ հատվածում, սակայն ոչ ամբողջ Հայաստանում։ Իհարկե նույնիսկ կատարյալ երկրում հնարավոր չէ խուսափել դժբախտ պատահարներից, սակայն այլ բան է, երբ այդ պատահարները տեղի են ունենում պատկան մարմինների հանցավոր անփութության կամ անգործության արդյունքում։ Այսօր մենք ողբում ենք այս երեխաների մահը, սակայն վաղը ամենքս կանցնենք մեր ամենօրյա գործերին, համայնքների ղեկավարների զգոնությունը կթուլանա, նրանք նորից կանցնեն օրվա իշխանությանը քաղաքական դիվիդենտներ բերելով ու կյանքը կշարունակվի արդեն 35 տարի հաստատված իր բնականոն հունով, մինչ նոր հասարակական հնչեղություն ստացած դեպքը ու կրկին ամեն ինչ կսկսվի նորից և մենք վերջին խողովակից, վերջին կիսավեր կառույցից, վերջին մահաբեր խաչմերուկից, վերջին կիսաքանդ կամուրջին․․․կազատվենք միայն այն ժամանեկ, երբ զոհերը թիվը հաշվվի հազարներով։

Կարեն Կարապետյան