Չի բացառվում, որ մայիսի 28-ին սպասվելիք ռազմական շքերթի օրակարգը Փաշինյանը համաձայնեցրած լինի Ալիևի հետ. Mediahub

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում անոնսելու, որ մայիսի 28-ին սպասվելիք ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու է ՀՀ սպառազինությունը, մասնավորապես այն զենքերը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ու իբր ամբողջովին ժամանակակից են։ Թե որքանով են այդ զենքերը արդիական ու հզոր, թող դրա գնահատականը տան ռազմական փորձագետներն ու մասնագետները, սակայն կա մի շատ կարևոր հանգամանք, որի բացակայության պարագայում այդ զենքերը կարող են վերածվել ընդամենը երկաթե մի կտորի։ Դա քաղաքական կամքն է ու մարտական ոգին։

Չկա որևէ զենք, որն ունակ լինի վճռել պատերազմի ելքը, երբ այն կիրառողի մոտ բացակայում է հաղթելու ցանկությունը։ Նման պարագայում այդ զենքերը նույնիսկ չեն էլ կրակի, իսկ այս իշխանություններն այնքան կամազուրկ են, որ կվախենան անգամ ինքնասպան լինել, եթե նրանց ձեռքում հայտնվեր նույնիսկ աշխարհի ամենասուր թուրը։

Ի դեպ, համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը միշտ էլ ավելի լավ է սպառազինված եղել Հայաստանից, բայց մենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հաղթեցինք, քանի որ կար քաղաքական կամք ու գրագիտություն, մարտական ոգի ու հաղթելու ցանկություն, վճռականություն ու մինչև վերջ գնալու հաստատակամություն։ Իսկ այսօր, երբ հետևողականորեն քարոզվում է պարտություն, անցյալի հերոսական էջերի արժեզրկում, բանակի թուլացում ու մարտի դաշտում սխրանքներ գործելու և սովորական հարկ մուծելու հավասարեցում, մարտական ոգու ոչնչացում ու ազգային նպատակների բացառում, ապա զենքերն այլևս դառնում են ընդամենը շուի էլեմենտ։

Իսկ այն, որ մայիսի 28-ին սպասվելիք ռազմական շքերթը ոչ թե Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրում է, այլ ընդամենը նախընտրական փիառ, ակնհայտ է։

2020 թվականից առ այսօր անցել է 6 տարի, ու այդ ողջ տարիների ընթացքում Հայաստանը չի անցկացրել որևէ ռազմական շքերթ, որևէ լուրջ զորավարժություն, չի իրականացվել բանակի մարտական ոգին բարձրացնելու քարոզչություն, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով անվտանգության իր հայեցակարգը, բանակը բացառել է որպես դրա ամենակարևոր գրավականը՝ այն նշելով սոսկ որպես անվտանգության ապահովման վերջին գործիք:

Հետևաբար 6 տարի անց, մայիսի 28-ին անցկացնել ռազմական շքերթ այն պարագայում, երբ ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 7-ին համապետական ընտրություններ են, չի կարող այլ բան լինել, քան քարոզչական գործիք։

Հաշվի առնելով նաև Ալիևի շահագրգռվածությունը Նիկոլ Փաշինյանի վերարտադրման հարցում, չենք զարմանա, եթե պարզվի, որ մայիսի 28-ին սպասվելիք ռազմական շքերթի թե՛ օրակարգը, թե՛ ցուցադրվող զենքերի քանակն ու տեսակները նախօրոք համապատասխանեցված լինեն նրա հետ։

Կարեն Կարապետյան