«Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի անվտանգության երաշխավորը կարող է լինել, բայց Հայաստանինը՝ երբեք»․ Կարեն Կարապետյան. Aravot
«Եթե Ալիևը նայեր Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը, կարծում եմ՝ շատ կզվարճանար՝ լսելով, որ Հայաստանն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, քանի որ փաշինյանական իշխանությունը նույնիսկ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգությունն ի զորու չէ երաշխավորել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկ արած հայտարարությանը, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը՝ Հայաստանը։
Մոտեցումը, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը՝ Հայաստանը, Կարեն Կարապետյանի գնահատմամբ արտահայտում է ՀՀ իշխանության թույլ, ստորացված ու խղճուկ հոգեբանությունը․ «Յուրաքանչյուր իրեն հարգող պետության անվտանգության երաշխավորն առաջին հերթին սեփական այնպիսի իշխանությունն է, որն ունի ազգային արժանապատվություն ու պետական մտածողություն, քաղաքական կամք ու գրագիտություն, ուժեղ ու մարտունակ բանակ, դաշնակիցներ ու միջազգային վստահելի գործընկերոջ համբավ։ Նշվածներից և ոչ մեկն այս իշխանություններին չեն համապատասխանում, ուստի միակ հույսը մնում է Ադրբեջանի բարեհաճությունը։ Սակայն Ադրբեջանի՝ «անվտանգության երաշխավորի» պատկերացումները կառուցված են Բիսմարկի «չկա մարդ, չկա պրոբլեմ» կոնցեպտի վրա։ Նա կարող է «խաղաղ մնալ» այնքան, որքան ՀՀ իշխանությունները կատարում են Ալիևի պահանջները, ու չկա մի սահման, որը փաշինյանական իշխանությունը կարող է համարել կարմիր գիծ ու կանգ առնել։ Երբ որևէ պահանջի դեպքում, որը կենսական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ու ՔՊ-ական իշխանությունը որոշի կանգ առնել, անմիջապես դրան կհաջորդի պատերազմը»։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ բացի տարածքների հանձնումից, ՔՊ-ական իշխանություններն ուրացել են Հայոց ցեղասպանությունը, ազգային արժեքները, պատմական հիշողությունն ու Անկախության հռչակագիրը։ Հրաժարվել են ոչ միայն Արցախից, այլև արցախցիների վերադարձի միջազգայնորեն ճանաչված իրավունքից։ Հրաժարվել են բանակից ու ձեռք չեն բերել ոչ մի դաշնակից։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անվտանգության կոնցեպտը կառուցել է «մենք մեր տեղն աշխարհում պետք է իմանանք» ողորմելի ձևակերպման շրջանակներում․ «ՔՊ-ականները, համեմատության մեջ դնելով արցախցիների վերադարձի իրավունքը «արևմտյան Ադրբեջան» կեղծ ու ՀՀ գոյությունը մերժող ադրբեջանական գաղափարախոսության հետ, ոչ միայն օրինականացրել են այն, այլև համաձայնել են «ադրբեջանցիների վերադարձին»՝ նշելով, որ հայերն էլ կարող են գնալ Բաքու կամ Սումգայիթ։ Նույն Նիկոլ Փաշինյանը, տրամադրելով միջանցք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապի համար, Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մենք չպետք է խանգարենք Թուրքիային զարգանալու Մեծ Թուրանի գաղափարախոսության իրականացման ուղղությամբ։ Ավելին, Իրանում տեղի ունեցող պատերազմի համատեքստում՝ գիտակցելով, որ TRIPP-ի ճակատագիրը կարող է մշուշոտ դառնալ, Ադրբեջանին Թուրքիայի հետ կապ առաջարկեց Երասխով։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջինը խոսեց անկլավների վերադարձի մասին՝ դրանով վտանգի տակ դնելով Տիգրանաշենը, որը Հ1-ի ռեպորտաժներում նշվում է՝ Քյարքի։
Ահա սրանք են ՔՊ-ական իշխանության պատկերացումները թե’ խաղաղության ու թե’ անվտանգության մասին։ Սակայն նույնիսկ այդ ամենով հանդերձ ՀՀ քաղաքացիները չեն ազատվում պատերազմից, որովհետև պատերազմը կարող է պայմանավորված լինել ինչպես կոշտ, այդպես էլ փափուկ ուժի կիրառմամբ։ «Մենք Արցախ մտանք տանկերով, Հայաստան կմտնենք մեքենաներով» թուրք-ադրբեջանական սկզբունքը չի դադարել գործել և ոչ մի վայրկյան, ու այս պահին տանկերին փոխարինելու են եկել մեքենաները, հետևաբար պատերազմը ոչ մի վայրկյան չի դադարել, այլ կոշտ գործողություններից վերածվել է փափուկի։ Երբեք չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր պատերազմ ունի իր նպատակը, ու եթե նպատակին կարելի է հասնել «ձեռքսեղմամբ», անմտություն կլինի դիմել հրանոթներին, իսկ Ալիևն այս պահին ամեն ինչի հասնում է՝ սեղմելով Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Ու ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ պատերազմը ոչ մի վայրկյան չի դադարել, հետևաբար չկա նաև խաղաղություն, որովհետև իրական խաղաղությունը ոչ միայն զենքերի լռությունն է, այլև պահանջների ավարտը, իսկ Բաքվի պահանջները չեն ավարտվում։
Ուստի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի անվտանգության երաշխավորը կարող է լինել, բայց Հայաստանինը՝ երբեք»։
Երեկ ՔՊ-ն հաստատեց եւ հրապարակեց նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր նախընտրական ծրագրի դրույթները․ դրանք չեն տարբերվում այն սկզբունքներից, որոնք որդեգրել եւ հայտարարել է Հայաստանում իշխող կուսակցությունը։
«Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է ոչ թե ՀՀ, այլ Ադրբեջանի քաղաքացիների քվեն։ Եթե ես ադրբեջանցի լինեի, ապա Ալիևի փոխարեն սիրով իմ ձայնը կտայի Նիկոլ Փաշինյանին, քանի որ հետխորհրդային ժամանակահատվածում ոչ ոք՝ ո՛չ Էլչիբեյը, ո՛չ Մութալիբովը, ո՛չ Հեյդար Ալիևը, ո՛չ էլ Իլհամ Ալիևը Ադրբեջանի համար այնքան բան չեն արել, որքան Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ական ծրագիրը դեռևս Աբդուլ Համիդի ժամանակներից սկսած թուրքական քաղաքականության կոնսպեկտն է՝ տեսնել նպատակներից, երազանքներից, իղձերից զուրկ մի հայ ժողովուրդ, որը ազգից կվերածվի սպառողական մի զանգվածի, ինչն էլ աստիճանաբար կհանգեցնի ձուլման ու ընդհանրապես պատմական առաքելության ավարտի։
Ուշագրավ է նաև այս կուսակցության նախընտրական ծրագրում շեշտված հատվածը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Եթե ծրագրային այդ դրույթը կարդալուց հետո Ալիևը Փաշինյանին չշնորհի Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, ապա վստահաբար կարելի է պնդել, որ Ադրբեջանի նախագահին զուր է շնորհվել «Զայեդ» մրցանակը»,- հեգնեց մեր զրուցակիցը։
Հարցազրույցը՝ Նելլի Գրիգորյանի