Ուզու՞մ ես քրեական կենսագրություն ունենալ՝ զբաղվիր բիզնեսով․ Վահրամ Միրաքյան

Մի ամիս առաջ Գորիսում մի քանի գործարարների հետ խոսում էինք, պարզվեց բոլորի վրա քրեական գործեր կան։ Մեկը նույնիսկ մի քանի ամիս կալանքի տակ էր եղել, հետո պարզվել է սխալ պատճառով են կալանավորել ու բաց են թողել։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։

«Վերջին տարիներին ստեղծվել է մի վտանգավոր մշակույթ, եթե բիզնեսով ես զբաղվում, գրեթե երաշխավորված է, որ առաջիկա 5–10 տարիների ընթացքում քրեական գործ կունենաս քո վրա։
Կոպիտ ասած՝ ուզու՞մ ես քրեական կենսագրություն ունենալ՝ զբաղվիր բիզնեսով։ Ինձ թվում է Հայաստանում քրեական կյանքի ճանապարհ ընտրած մարդիկ ավելի քիչ են հանդիպում քրեական գործերի, քան բիզնեսով զբաղվողները։

Տարին մոտ հազար քրեական գործ է հարուցվում բիզնեսների նկատմամբ։ Սա նշանակում է, որ մի քանի տարվա ընթացքում գրեթե բոլոր միջին ու մեծ բիզնեսներն անցնելու են այդ «պրոցեսով»։

Երբ վերահսկող մարմինը չի կարողանում կամ չի ուզում արդյունավետ աշխատել, ապացուցել, ուսումնասիրել, կամ օրենքները գրված են այնպես, որ տարընթերցումներ են առաջանում կան վիճելի դրույթներ՝ ամենահեշտ ճանապարհը դառնում է քրեական գործ բացելու միջոցով ստիպել, շանտաժի ենթարկել գործարարին։

Խնդիրը միայն թվերը չեն։ Խնդիրը մեխանիզմն է և քրեական գործ հարուցելու կամ քրեական վարույթ իրականացնող մարմին հաղորդում ներկայացնելու («կուղարկենք քննչական») սպառնալիքներով բիզնեսի հետ խոսելու «ամենահեշտ և արդյունավետ» մշակույթը։
Շատ դեպքերում բիզնեսը վճարում է ոչ թե որովհետև արդարացի է, այլ որովհետև չի ուզում տարիներով քաշքշվել դատարաններում կալանքի սպառնալիքի տակ, կամ քրեական գործ հարուցվելու նույնիսկ փոքր հավանականությունը բացառելու համար։

Սա արդարադատություն չէ, ռեկետի մշակույթ է։

Մոտ երկու տարի է բարձրաձայնում ենք այս խնդրի մասին։ Ուրախ եմ, որ վերջապես սառույցը տեղից շարժվում է։

Մեր (ու ոչ միայն մեր) բարձրաձայնած խնդիրների ու առաջարկների հիման վրա Babken Tunyan / Բաբկեն Թունյան առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, որոնցից կարևորագույններն են․

  1. Քրեական գործ կարող է հարուցվել միայն խոշոր չափերի խախտումների դեպքում (օրինակ՝ հարյուր միլիոն դրամ և ավելի կամ շրջանառության հետ համեմատելի չափանիշներով)։
  2. Գործարարը չի կարող կալանավորվել մինչև դատարանի կողմից մեղքի ապացուցումը, քանի որ կալանքը չպետք է օգտագործվի որպես ճնշման գործիք։ Իսկ եթե ռիսկեր կան, ապա կալանքի փոխարեն ապահովական այլ մեխանիզմներ պետք է գործեն։
    Սա սկզբունքային փոփոխություն է։ Եթե ընդունվեն, կփոխվի ամբողջ միջավայրը։
    Այս պահին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության հարթակում բոլոր կողմերի կողմից այս հարցերի քննարկում է կազմակերպել։ Հուսով եմ՝ առաջարկները կընդունվեն և բիզնեսի նկատմամբ ճնշման այս արատավոր մեխանիզմը կդադարի գործել։
    Բիզնեսին պետությունը պետք է դիտարկի որպես տնտեսության շարժիչ, ոչ թե քրեական վիճակագրության հիմնական աղբյուր»,- գրել է նա։