Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական երաժշտական երեկո՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին
Երեկ՝ Հունվարի 22-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական երաժշտական երեկո՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։ ✨
«Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» արդեն տևական ժամանակ է, որ հանդիսատեսին է ներկայանում ինքնատիպ և տարբերվող նախագծերով՝ արժևորելով հայկական երաժշտական ժառանգությունն ու ներկայացնելով այն նոր շնչով ու հենց այդպես էլ հունվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Առնո Բաբաջանյան 105» խորագրով հանդիսավոր համերգային երեկոն։
Բեմում էին սիրված և ճանաչված արտիստներ՝ Սրբուկը, Հայկ Պետրոսյանը, Տիգրան Քախվեջյանը, Անուշ Բադալյանը և Արամ Մելիքյանը, որոնց կատարումներն ուղեկցվում էին «Արմ.Սթրոնգ» նվագախմբի կենդանի հնչողությամբ և նոր մշակումներով, որի գեղարվեստական ղեկավարն է Դավիթ Գյոդակյանը։ Հանդիսավոր համերգային երեկոյի հաղորդավարն էր ռեժիսոր, լրագրող Կարեն Քոչարյանը,։
Նշենք, որ Առնո Բաբաջանյանը հեղինակ է սիմֆոնիկ, կամերային և հանրաճանաչ երգերի, որոնք տասնամյակներ շարունակ ապրում են ժողովրդի սրտում՝ միավորելով տարբեր սերունդների։ Համերգին ներկայացված յուրաքանչյուր ստեղծագործություն դարձավ սերունդների միջև կամուրջ՝ ապացուցելով, որ իսկական երաժշտությունը ժամանակից վեր է և երբեք չի կորցնում իր ազդեցությունն ու ուժը։
Նշենք նաև, որ Առնո Բաբաջանյանը թողել է անգնահատելի ստեղծագործական ժառանգություն, որտեղ միահյուսված են հայրենասիրությունը, սերը և մարդկային հոգու խորը անկեղծությունը։ Նրա մեղեդիները մինչ այսօր հնչում են՝ ոգեշնչելով, հուզելով և ապրեցնելով։
«Առնո Բաբաջանյան 105» հոբելյանական համերգը վերածվեց իսկական երաժշտական տոնի, որտեղ անցյալը հանդիպեց ներկային, իսկ Բաբաջանյանի հոգեպարար երաժշտությունը նորից բարձրացավ բեմ՝ կենդանացնելով հիշողություններն ու հուզմունքները։
Համերգի միանվագ հովանավորն էր «Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ն։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում երեկոյի մասնակից բոլոր երգիչներին, երաժիշտներին, նվագախմբի անդամներին և մեր ստեղծագործական ու կազմակերպչական թիմին՝ ևս մեկ անմոռանալի երաժշտական երեկո պարգևելու համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև համերգի հյուրերին և մեր սիրելի, հավատարիմ հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության ու մշտական աջակցության համար։
Հատուկ շնորհակալություն՝ համերգի միանվագ հովանավոր «Երևան Գարեջուր» ՓԲԸ-ին՝ վստահության և աջակցության համար։



