ՔՊ-ի խրախճանքը հուշում է, որ անցյալի հանդեպ մեղքի զգացում չունեցողը չի կրի պատասխանատվություն նաև ապագայի նկատմամբ
Երեկ համացանցը ողողված էր իշխող ուժի նախատոնական խրախճանքի կադրերով։ Իհարկե, որքան էլ պետությունը կանգնած լինի լուրջ մարտահրավերների առջև, որքան էլ անցած լինենք ծանր ճանապարհ, ցանկացած մարդ ու քաղաքական միավոր իրավունք ունի մի փոքր կտրվել բոլոր հոգսերից ու նշել որևէ առիթ, լինի Ամանոր, թե մեկ այլ իրադարձություն։ Սակայն այստեղ կարևորը չափի զգացումն է, ինչն էլ բնորոշում է պատասխանատվության գիտակցման չափը կատարվածի ու սպասվելիքի առնչությամբ։
Երբ իշխող ուժը, որի օրոք ունեցել ենք լայնամասշտաբ պատերազմ, տվել ենք շուրջ 5000 զոհ, տասնյակ հազար վիրավոր ու հաշմանդամ, կրել ենք ցավալի պարտություն, կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի հատվածը, բազմադարյա հայերով բնակեցված Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն (բռնի տեղահանումը` պայմանավորված ազգային պատկանելությամբ, նույնպես ցեղասպանություն է) ինքնամոռաց տրվում է խնջույքի ու կորցնում չափի զգացողությունը, ապա դա ապացույցն է նրա, որ այդ մարդիկ ընդհանրապես չունեն մեղքի զգացում, չեն կրում պատասխանատվություն կատարվածի համար, չունեն խղճի խայթ։
Նրանք վարվում են ճիշտ ու ճիշտ իրենց բնութագրումներին համապատասխան։ Տարբեր ՔՊ-ականներ տարբեր հարցազրույցների ու ճեպազրույցների ժամանակ հայտարարում են, որ մեր երիտասարդները զոհվել են, որպեսզի մենք ապրենք ու ուրախանանք։ Թերևս սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ ՔՊ-ականների խոսքն ու գործը համահունչ են։
Նույնիսկ եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի այն տրամաբանությամբ, որ ինքը չէ միակ մեղավորը, կամ պատասխանատուն, այնուամենայնիվ, մեզ պատուհասած ողջ արհավիրքը տեղի է ունեցել իր իշխանության օրոք։ Եթե նա նույնիսկ կատարյալ անմեղ էլ լիներ, պետք է ունենար ներքին արգելակներ, գիտակցում, որ իր կառավարման տարիներին Եռաբլուրն ու մյուս գերեզմանատները աննախադեպ մեծացան մեր բազմաթիվ երիտասարդ նահատակների մարմիններով, ու այդ գիտակցումը նրան ու մյուս ՔՊ-ականներին պետք է հուշեին, որ նույնիսկ ուրախության պահին տարրական բարոյականությունը պարտադրում է լինել զուսպ։
Երեկվա կադրերը հերթական ապացույցն են այն համոզման, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրան շրջապատող մարդիկ չունեն կարմիր գծեր, չունեն արժեհամակարգ, չունեն ապրումակցում, մեղքի ու պատասխանատվության գիտակցում։ Նրանց անզուսպ պարը հիշեցնում է թշնամու խրախճանքը օտարին զավթելուց հետո։ Իսկ մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, օտար ենք այդ մարդկանց, հակառակ դեպքում մենք երեկվա տոնախմբության կադրերը չէինք տեսնի այն պարզ պատճառով, որ նման կադրեր չէին լինի։
Բայց հանրությունը պետք է հստակ հետևություններ անի։ Այն մարդը, այն քաղաքական ուժը, որը չունի կատարվածի նկատմամբ մեղքի զգացում, նույն տրամաբանությամբ էլ մոտենալու է նաև ապագային, որովհետև անցյալը չգիտակցողը կամ ուրացողը ինքն իրեն ազատում է նաև սպասվելիքի հանդեպ որևէ պատասխանատվության գիտակցումից։
Կարեն Կարապետյան