Սասուն Միքայելյանն անխտիր բոլոր իշխանությունների օրոք խոսել է «պահի տակ» ու միշտ վերջիններիս օգտին. Mediahub
Ժամանակին մի իմաստուն ասել է. «Խելքն ամենաարդար բաժանված բանն է, որովհետև ոչ ոք նրա պակասից չի դժգոհում»։ Սասուն Միքայելյանն ասվածի ամենավառ ապացույցներից մեկն է, որովհետև առավել քան վստահ եմ, որ նա չի գիտակցում մեր ողբերգական ընթացքի հիմքերը։ «Եռաբլուրում» փորձելով սրբագրել իր հերթական ղեկավարին՝ (նա բազմաթիվ ղեկավարներ է փոխել) Նիկոլ Փաշինյանին, նա մեղքի սլաքներն ուղղում է լրագրողների վրա, իբր Փաշինյանը պահի տակ ասեց. «Արցախը հայաստան է, և վերջ» ու լրագրողները դա բերին հասցրին…։ Իրոք, հավանաբար յուրովի երջանկություն է խելքի բացակայության չգիտակցումը, քանի որ եթե որևէ մարդ ունակ լիներ ընկալելու, որ ինքը զուրկ է ինտելեկտից, ապա այդ «երջանկությունը» վայրկենաբար կփոխվեր խոր ու անմխիթար դժբախտության։
Մտքի սույն ռահվիրային հարկ է հիշեցնել, որ կյանքը բաղկացած չէ միայն ՀՀ բոլոր ղեկավարներին հերթով «գցելու ու հաջորդի թևի տակ պաստպարվելու գեշ խասյաթից», (անպայման Նիկոլ Փաշինյանի հերթն էլ է գալու) այլ արտահայտությունները հասկանալու ու դրա հետևանքները գնահատելու կարողությունից, հատկապես, երբ քեզ թվում է, թե դու ծնվել ես անպայմանորեն ԱԺ պատգամավոր լինելու համար։
Եթե վերոնշյալ իմաստունի մտքերը ճիշտ չլինեին, թերևս Սասուն Միքայելյանը կհասկանար, որ նախ՝ մարդը, որ ստանձնում է երկրի ղեկավարումը, իրավունք չունի «պահի տակ» որևէ բան ասելու, քանի որ նրա յուրաքանչյուր բառն առաջացնելու է հետևանքներ, ու գուցե նրա յուրաքանչյուր սայթաքմանն անհամբեր սպասում են թշնամիները, որպեսզի կարողանան լայնամասշտաբ պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ ստեղծեն։
Երկրորդը՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով նա փոշիացրեց նախորդ տարիների ողջ բանակցային գործընթացն ու Ադրբեջանի համար ապահովեց պատերազմելու լեգիտիմ հիմքը։
Երրորդը՝ այդ արտահայտությամբ նա թույլ տվեց, որպեսզի միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական կենտրոններն Ադրբեջանին պատերազմ սկսելու քարտ բլանշ տան։
Չորրորդը՝ նման հայտարարությամբ Արցախի ինքնորոշման իրավունքը փոխակերպվեց տարածքային վեճի, ու Ադրբեջանը տոնեց իր դիվանագիտական հաղթանակը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ադրբեջանի շուրջ 30 տարվա բողոքը՝ միջազգային տարբեր ատյաններում, այն է, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքների շուրջ 20 տոկոսը։
Հինգերորդը՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ թե հայ լրագրողներն են ուռճացրել, ինչպես կարծում է Սասուն Միքայելյանը, այլ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարել է հենց Ալիևը, շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտությամբ պարզ դարձավ, որ բանակցություններն ավարտված են, ու իրենց «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու միակ ճանապարհը պատերազմն է։
Նիկոլ Փաշինյանի՝ «պահի տակ ասված արտահայտության արդյունքում մենք ունեցանք շուրջ 5000 զոհ, մոտ 10 000 վիրավոր, պարտված պատերազմ ու կորսված Արցախ։
Ինչ վերաբերում է նախկինների թալանին, որոնց մասին խոսում է Սասուն Միքայելյանը, ապա դրա պատասխանը թող տան նախկին իշխանությունները, սակայն, ըստ երևույթին, ԵԿՄ ներկայիս նախագահը իր կենսագրությունից հիշում է միայն Արցախյան առաջին ազատամարտի դրվագները ու 2018 թվականի «հեղափոխությունը», մնացյալը կարծես ամբողջովին ջնջվել է նրա հիշողությունից։ Սակայն եթե նրան ձեռնտու չէ հիշելը, ապա հանրությունը մոռանալու որևէ շարժառիթ չունի, հետևաբար լավ է հասկանում, որ որքան թալանել են նախկինները, ճիշտ այդքան էլ թալանել է Սասուն Միքայելյանը, որքանով մեղավոր են նախկինները, ճիշտ այդքան էլ մեղավոր է Սասուն Միքայելյանը, ու առհասարակ մինչև 2018 թվականի համար որքան պատասխանատվություն կրում են նախկինները, այդքան էլ պատասխանատվություն է կրում Սասուն Միքայելյանը։
Կարեն Կարապետյան
Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի