ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պետք է կտրի Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Կոնջորյանի ականջները. Mediahub
Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը բարդություններ ունի ամիսների անվանումները նորմալ արտաբերելու հետ կապված, որոշելով դուր գալ հանրությանը, մի բոցաշունչ ելույթ ունեցավ ու հղում անելով մի ինչ-որ աղջկա, հայտարարեց, որ ով կփորձի կտրել ՀՀ քաղաքացու ականջները, մենք կկտրենք նրա շեֆերի ականջները ու կսարքենք չոբանի շուն։ Մի կողմ թողնենք սույն պատգամավորի բառապաշարը, որն ուղիղ համեմատական է նրա ինտելեկտին, ու թերևս համաձայնվենք, որ այո, չի կարելի ՀՀ քաղաքացուն ու ընդհանրապես մարդուն սպառնալ ականջները կտրելով։
Բայց մի պահ վերադառնալով ոչ վաղ անցյալ, հիշենք, որ ամիսներ առաջ նույն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր նման սպառնալիքներ հնչեցնում ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանին հասցեին, այն էլ հենց Ազգային ժողովում, այն էլ քաղաքական քննարկման ժամանակ, երբ Էդգար Ղազարյանը հայտ էր ներկայացրել ընտրվելու ՀՀ մարդու իրավունքների պաշտոնում։
Դատելով ՔՊ-ական պատգամավոր, նորատուսցի Նարեկ Գրիգորյանի տեսքից՝ կարելի է ենթադրել, որ նա միշտ իր խոսքի տերն է եղել, հատկապես որ նախկինում նա զբաղվելիս է եղել ձկնավաճառությամբ։ Ես դեռևս չեմ հանդիպել մի ձկնավաճառի, որը պարզապես «օդ կրակող» լինի։ Նրանք, մշապես վտանգելով իրենց կյանքը, քանի որ Սևանից ձուկ որսալն իրականում վտանգավոր զբաղմունք է, ձեռք են բերել նաև տղամարդուն հատուկ բնավորություն, այն է՝ մշտապես տեր լինել իրենց խոսքին։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կուսակցությունում Արթուր Հովհաննիսյանի շեֆը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Ազգային ժողովում անմիջական շեֆը՝ Հայկ Կոնջորյանը՝ որպես խմբակցության ղեկավար։ Հետևաբար որպես իսկական տղամարդ, որպես իսկական ձկնորս՝ Նարեկ Գրիգորյանը պարտավոր է կտրել Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Կոնջորյանի ականջները, հակառակ դեպքում ստիպված կլինենք փաստել, որ սույն պատգամավոր ընդամենը օդ է, քամի ու նրա ոչ մի խոսքը չի կարող հավատ ներշնչել։
Իհարկե, բարդ է պատկերացնելը, որ նրան կհաջողվի հասնել հատկապես Նիկոլ Փաշինյանի ականջներին, ուստի դեմքը փրկելու համար առաջարկում ենք, որպեսզի նա ստիպված հայտարարի, որ Էդգար Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ ու հաջորդ բոցաշունչ ելույթ ունենալուց ընդամենը 10 վայրկյան առաջ մի պահ մտածել, եթե իհարկե դա հնարավոր է։
Կարեն Կարապետյան
Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի