«Հանուն պետականաշինության» ՀԿ-ն բարձրացրել է հասարակական տրանսպորտում առկա մի շարք խնդիրների մասին

Ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որը առաջին հայացքից քաղաքական չի, բայց հենց պահանջում է քաղաքական գնահատական, քանի որ ուղիղ առնչվում է քաղաքականություն իրականացնողների ոչ կոմպետենտության և դիլետանտության հետ ։

Շատ քաղաքացիներ արդարացիորեն բողոքում են մի շարք խնդիրներից, «Հանուն պետականաշինության» հասարակական կազմակերպությանը և ես՝ որպես ՀԿ նախագահ ու ՀՀ քաղաքացի, պարտավոր եմ այդ մտահոգությունները հնչեցնել։

1․ Երթևեկության հերթականություն

Առաջինը՝ տրանսպորտի հերթականությունը։ Այսօր այն խայտառակ վիճակում է։ Այս հարցով ես խոսել եմ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, ով վստահեցրել է, որ խնդիրների շուրջ աշխատանքներ են տարվում։ Բայց թե որքան կտևի այդ գործընթացը՝ ոչ ոք չգիտի։ Նրա իսկ խոսքով՝ ամեն ինչ կախված է ֆինանսական ռեսուրսներից։ Ուշ ժամերին տրանսպորտի բացակայության պատճառը այն է, որ վարորդները երբ են սկսում և երբ են ավարտում իրենց աշխատանքը։ Ավելի երկար աշխատաժամանակ սահմանելը այս պահին հնարավոր չէ։ Նոր վարորդներ ներգրավելու համար էլ կրկին ֆինանսական ռեսուրս է պահանջվում։

2․ Վարորդ–հաճախորդ հարաբերություններ

Երկրորդը՝ վարորդների և ուղևորների հարաբերությունները։ Այո, քաղաքացիներն էլ երբեմն վարորդներին հունից հանում են, բայց շատ դեպքերում նաև վարորդներն են իրենց պահելու ձև չգիտեն։ Քաղաքացին արժանի է հարգալից վերաբերմունքի, իսկ վարորդը՝ հանգիստ և ապահով աշխատանքային միջավայրի։

3․ Գների բարձրացում, տրոլեյբուսների վիճակ և աշխատավարձեր

Այժմ գների հարցը։ Գինը բարձրացվեց ժողովրդի կամքին հակառակ, որովհետև չեղավ աշխատավարձերի բարձրացում։ Եթե քաղաքացիների եկամուտները չեն աճում, իսկ տրանսպորտի գինը բարձրանում է, դա անարդար է։ Մարդը պետք է իր եկամուտների համեմատ կարողանա օգտվել հասարակական տրանսպորտից։ Ուղեվարձի բարձրացումը պետք է լինի աշխատավարձերի բարձրացման հետ զուգահեռ, այլ ոչ թե հակառակը։

Ի՞նչ հիմնավորում է տրվել։ Նոր տրանսպորտի՞ համար։ Ճիշտ է՝ ամբողջ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է մարդկանց զարմացնել նոր ավտոբուսներով ու դրա համար անմիջապես գին բարձրացնել։ Նախ պետք է մտածել քաղաքացիների սոցիալական վիճակի մասին, ապա միայն գնի փոփոխության։

Հիշեցնեմ, որ դեռ 2012 թվականի մարտի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ։ Այդ ժամանակ ստորագրվեց ՉԺՀ կառավարության դրամաշնորհով Երևան համայնքին նվիրաբերված 249 «Higer» մակնիշի ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը։ Այն ժամանակ, երբ ուղեվարձը ցանկացան դարձնել 150 դրամ, բողոքի ակցիաներ կազմակերպվեցին ներկայիս շատ պաշտոնյաների մասնակցությամբ՝ «մի մտեք ժողովրդի գրպանը» կարգախոսներով և այլն։ Այսօր, եթե նույն քայլը համարվում է արդարացված, ապա ինչո՞ւ 2012-ին արդարացված չէր։

Բացի այդ՝ եթե քաղաքում կան և՛ նոր, և՛ հին տրոլեյբուսներ, արդյո՞ք ճիշտ է, որ քաղաքացին նույն գինը վճարի երկուսի համար։ Ինչպես նշեց փոխքաղաքապետը՝ այժմ կան մոտ 60 տրոլեյբուս՝ 30 հին և 30 նոր, և նորերը ավելանալու ու հները դուրս գալու գործընթացը կրկին կախված է ֆինանսական ռեսուրսներից։ Բայց մինչ այդ արդարացի՞ է, որ հին տրոլեյբուսներով երթևեկությունը նույնպես արժենա 150 դրամ։

4․ Քարտային վճարման խնդիրներ

Մեկ այլ կարևոր խնդիր է քարտային վճարումը։ Քաղաքացին գումար ունի քարտի մեջ, սակայն երբեմն սարքը սխալ է արձագանքում, և յուրաքանչյուր սեղմման դեպքում ավտոմատ կրկնակի գումար է գանձվում։ Խոսքս չի գնում նրանց մասին, ովքեր դատարկ քարտով են փորձում վճարել, այլ կոնկրետ այն քաղաքացիների, ովքեր դիմել են ինձ։ Նրանց քարտում գումար կա, սակայն սարքի անսարքության հետևանքով խնդիրներ են ծագում։

Ձեր պարտաճանաչ «նվիրյալ» հսկիչներն էլ դա կարող են ստուգել և սարքի անսարքության պատճառով մարդկանց անհարմար վիճակի մեջ չդնեն իրենց շատ կարևոր «պարտականությամբ»։

Այս հարցով քաղաքացիները հաճախ են դժգոհում․ իսկ դրա պատասխանատուն ո՞վ է։ Քաղաքացին արդարացիորեն հարցնում է․ եթե նման խնդիր չկար կանխիկ վճարման ժամանակ, ապա ինչո՞ւ է այն առաջանում «ժամանակակից» համակարգի դեպքում։ Քաղաքացին չպետք է վճարի կրկնակի և սխալ գանձված գումար։

Սա ժողովրդի առօրյա կյանքի մասին է։ Երբ քաղաքապետարանը, վարչական մարմինները կամ տրանսպորտի պատասխանատուները լինեն ավելի սերտ շփման մեջ քաղաքացիների հետ, նմանատիպ հարցերը շատ ավելի արագ ու արդար լուծումներ կստանան։ Երբ տրանսպորտի հերթականությունը կկարգավորվի, և քաղաքացին կանգնած չէ, այլ նստած կերթևեկի։ Երբ հսկիչին տրվող հարցին՝ «բա ես ինչու եմ կանգնած երթևեկում», պատկան մարմինները չպատասխանեն նվաստացուցիչ «չեք ուզում՝ մի նստեք» արտահայտությամբ։ Սա պետություն է, ոչ թե խուժանանոց։

Բայց ցավոք, շատերի մոտ կա հիասթափություն․ մենք վստահ ենք, որ քաղաքացու կարծիքի հետ հաշվի նստելու փոխարեն դուք անելու եք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, իսկ քաղաքացու ձայնը դառնում է «ձայն բարբառո անապատի»։

Քաղաքացին հոգնել է անընդհատ բարձրաձայնելուց։ Ժողովուրդը սպասում է ոչ թե խոստումների, այլ իրական ու արդար լուծումների։

Ես վստահ եմ, որ եթե մենք միասին բարձրաձայնենք ու պահանջենք, ապա հասարակական տրանսպորտը կդառնա ավելի կազմակերպված, հարմարավետ և արդարացի՝ ի նպաստ մեզ բոլորիս։

«Հանուն պետականաշինության» ՀԿ նախագահ Մեսրոպ Հովհաննիսյան