Լավ է ունենալ ոչ կույս կուսակրոն, քան տգետ վարչապետ. Փաշինյանը հիշում է Պապ թագավորի ընթացքը, մոռանում՝ վերջաբանը. Mediahub

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ, սակայն այդ գրոհն ուղեկցվում է տգիտությամբ, նեղմտությամբ, ինչն էլ ի ցույց է դնում երկրի ղեկավարի սահմանափակ մտահորիզոնը։

Ռուսները դիպուկ արտահայտություն ունեն․ «Хуже дурака-только дурак с инициативой»։ Իհարկե ողբերգություն է, երբ երկրի ղեկավարը տգետ է, սակայն կրկնակի ողբերգություն է, երբ այդ տգետը միաժամանակ ունենում է հոգեկան խանգարումների հասնող ամբիցիաներ։

Եվ ահա, նա կրկին հանդես է եկել գրառմամբ, նշելով՝ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Նման հայտարարությունը հնչում է վերջնագրային տեքսով ու լիազորությունների աղաղակող խախտման օրինակ է։ Սույնը իրեն արդեն իրավունք է վերապահում առանց այլևայլության խառնվել եկեղեցու գործերին, որոշել՝ թե ով պետք է շարունակի հոգևոր ծառայությունը, ով՝ ոչ։

Նման մոլուցքն ունի երեք դրդապատճառ։ Առաջինը՝ ազատ անկման ռեժիմը, երկրորդը՝ պատմական անձանց հետ սեփական անձի նույնացումը՝ միախառնված հիվանդագին փառամոլությամբ, երրորդը՝ մարտնչող տգիտությունը։

Փորձենք հերթով շատ կարճ անդրադարձ կատարել դրադապատճառներից յուրաքանչյուրին։

Հոգեբանորեն ապացուցված է, որ կա մի գիծ, որ երբ մարդն իր անկման ընթացքում հասնում է դրան, անկումն այլևս դառնում է անկասելի։ Նրա մոտ ապականումը հասնում է այն աստիճանի, որ այլևս կորում է կրկին բարձրանալու ցանկությունը, նա ձգտում է հասնել մինչև հատակ։ Նրա աչքին հատակը վերածվում է «բարձունքի» ու իր լկտիության մեջ փորձում դառնալ անչափելի։ Նման մարդը նախահարձակ է լինում բոլորի ու ամեն ինչի վրա, քանի որ հոգու խորքում գիտակցում է սեփական անձի ոչնչությունը։

Նիկոլ Փաշինյանն ահա գտնվում է այդ անկասելի գահավիժման մեջ, նա այլևս կորցնելու ոչինչ չունի ու հենց այդ հանգամանքն էլ նրան հաղորդել է մինչև հատակը գնալու կամք ու վճռականություն։

Փաշինյանը եթե միայն փառասեր լիներ, դա դեռ չարիքի կեսը կլիներ, բայց նրա փառասիրությունը դրսևորվում է տարբեր իրավիճակներում իրեն պատմական տարբեր անձանց նույնացնելու շեղմամբ։ Այսպես ժամանակին Պապ թագավորը ներխուժեց եկեղեցիներ ու վանքեր, հարձակվեց հոգևորականների՝ այդ թվում կուսակրոնների վրա։ Շատերին վտարեց վանքերից, կրճատեց հոգևորականների թիվը։

Ճիշտ արեց, թե՝ ոչ, դա հարցի մյուս կողմն է, ներկայումս նպատակը Պապ թագավորի գործողություններին դարերի հեռվից գնահատական տալը չէ, այլ Նիկոլ Փաշինյանի նույնացումը նրա հետ։ 

Սակայն կյանքը փաստում է մի օրինաչափություն, որի մասին շատերը մոռանում են։ Երբ որևէ անձ մեկի համար դառնում է իդեալ ու կրկօրինակման նկատակ, ճակատագիրը նույնացնում է նաև նրանց վերջաբանը։

Իհարկե ասածից չի ենթադրվում, որ Փաշինյանին անպայման պետք է թույն են, պարզապես բարի խորհուրդ է որևէ մեկին նմանվելու փորձերում պահել չափի զգացումը, ճակատագրի չար կատակից խուսափելու համար։

Ինչ վերաբերում է տգիտությանը, եթե Նիկոլ Փաշինյանի գրագիտությունը հերիք էր, ապա հավանաբար տեղյակ կլիներ, որ ժամանակին կաթողիկոսությունը փոխանցվում էր հորից որդի։ Օրինակ՝ մեր կաթողիկոսական տները, Լուսավորիչները կամ Պահլավունիները։ Այսինքն Աստծո կողմից հոտը առաջնորդելու համար կուսակրոնությունը որպես պարտադիր պայման չի եղել։

Կուսակրոնությունը հոգևոր ծառայության հիերարխիայում պարտադիր պայման դառնալու հիմքում կա նաև տնտեսական բաղադրիչ։ Երբ ժամանակին Եկեղեցին դարձավ խոշոր հողատեր, սկսեց տիրապետել մեծ ունեցվածքի, ապա ի թիվս այլ քայլերի, կուսակրոնությունը նույնպես դիտարկվեց որպես միջոց, Եկեղեցու ունեցվածքը օրինական ճանապարհով հորից որդի փոխանցումը կանխելու ու արհեստականորեն դարձավ պարտադիր պայման։

Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ է, ինչ կաթոլիկ աշխարհում կարդինալները դիմում են Հռոմի պապին, որպեսզի վերջինս հանի կուսակրոնության արգելքը։

Ինչևէ, ցավալի է, որ Հայաստանի ղեկավարն է մարդ, որն իր մեջ մարմնավորում է վերը նշված արատավոր երեք երևույթներն էլ միաժամանակ։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am