Հունաստանում վթարի համար իրեն մեղավոր է համարում նախարարը, Հայաստանում մեղավոր են բոլորը, բացի նախարարից

Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային խոշոր վթարից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը։ Նախարարը հայտարարեց, որ իր հրաժարականն ամենաքիչն է, որը նա կարող էր անել՝ հարգելով վթարի զոհերի հիշատակը և այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել։ Բացի այդ, նա տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա։

Վթարներ ցավոք տեղի են ունեցել ու կունենան աշխարի բոլոր անկյուններում և ուղիղ կապ նախարարի ու վթարի միջև գուցե չլինի, սակայն մարդը ունենալով քաղաքական, քաղաքացիական բարձր գիտակցություն ու նաև բարոյական բարձր նկարագիր, հեռացավ պաշտոնից, պատասխատավությունը վերցնելով իր վրա։

Կարող էր չէ՞ նախարարը պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, վարչության պետերից սկսած, վերջացրած սլաքավարներով, միայն թե ինքը ջրից չոր դուրս գար։ Կարող էր չէ՞ ամբողջ Հունաստանով ման գալ ու գտնել օրինակ մի հույն գագիկ մելքոնյանի, կամ քոչարյան անդոյի որոնք կհայտարարեին, որ ամեն դեպքի համար հո նախարար չի փոխվելու։ Կարող էր, բայց չարեց։

Նիկոլ Փաշինյանի նման պատերազմում պարտվելուց ու հազարավոր զոհեր տալուց հետո չփորձեց մեղքը բարդել բոլորի, նույնիսկ այդ պահին խանութում պարզապես գնումներ անող անմեղ քաղաքացու վրա։

Սուրմալուի պայթյունի նման Տիգրան Ավինյանի պես չգնաց վթարի վայր ու չփորձեց ջախջախված գնացքների վրա փիառվել։

Սուրեն Պապիկյանի նման ողբերգական հրդեհից հետո ատամներով չկառչեց իր պաշտոնից ու չհայտարարեց, որ պատրաստվում է բարեփոխումներ անել։

Պարզապես ցուցաբերեց բարոյականություն, կամք ու հեռացավ։

Տարբերությունն այստեղ ոչ միայն արժեհամակարգն է, այլև քաղաքական կենսագրությունը։ Այդ մարդիկ պարզապես դմփ դմփ հու-ով չեն եկել իշխանության, որպեսզի չտեսի պես ապրեն «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» սկզբունքով։

Այդ մարդկանց փողոցը չի բերել իշխանության, որպեսզի քաղաքական զրո կենսագրությամբ, աշխատանքային հիերարխիայի գրեթե ամենաստորին շերտերից միանգամից դառնան նախարարներ ու պատգամավորներ։

Այդ մարդիկ հանուն իշխանության՝ այլոց տների առաջ դագաղներ չեն դրել ու սև ժապավեններ չեն կապել, հետևաբար լավ են հասկանում մարդկային կյանքի գինը ու պատրաստ են սեփական անձով պատասխան տալ նույնիսկ այն դեպքերի համար, որոնց հետ գուցե ուղիղ կապ չունեն։