Միջազգային կառույցների ճնշումները չեն կանխել ո՛չ 44-օրյա պատերազմը, ոչ էլ դրան հաջորդած հարձակումները ՀՀ-ի վրա

Ադրբեջանն անելու է ամեն ինչ առավելագույն զիջումներ կորզելու համար։ Անկախ նրանից, թե միջազգային կառույցներն ինչ ճնշումներ են գործադրում Ադրբեջանի վրա, ժամանակը ցույց է տվել, որ դա չի կանխել ո՛չ 44-օրյա, ոչ էլ դրան հաջորդած հարձակումները ՀՀ տարածքի վրա։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով 24News-ի այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ ադրբեջանցիները հանքերում ստուգումներ անցկացնեն և ինչո՞ւ են Արցախի իշխանությունները ուզում զիջումների գնալ վերահսկող սարքերի հետ կապված։

«Ինչ վերաբերում է հանքերին, ապա դրա հետ կապված քննարկումները կան և դժվար է ասել, թե ստեղծված իրավիճակում ինչ ծավալի վերահսկողության կհասնի Ադրբեջանը։ Կամ կհասնի, թե՞ ոչ», հավելեց Աբրահամյանը։