Հաղթանակը կերտում են կոպիտ բառերով, կտրուկ գործողություններով, կոշտ գնահատականներով

Առ այսօր քննարկվում է՝ ճի՞շտ է արել Իշխան Սաղաթելյանը, որ հայհոյել է եթերում, թե` ոչ։ Այդ երբվանի՞ց այդքան զգայուն դարձանք կոպիտ խոսքի նկատմամբ, այդքան քնքշացանք, առավել ևս, երբ այդ խոսքն ուղղված էր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում ընդդիմության պայքարի, նպատակների անկեղծությունը և շատ հաճախ իրենց դիրքորոշումներն արտահայտում են շատ ավելի կոշտ բառերով ու արտահայտություններով, քան Իշխան Սաղաթելյանի ասածն էր։

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը քաղաքական դասական շրջագծում չէ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը գտնվում են դասագրքային պայքարի մեջ, առաջինը իշխանությունը պահպանելու, երկրորդը՝ իշխանության գալու համար։

Այսօր Հայաստանը կանգնած է, կոպիտ ասած, ինքնիշխանությունը կորցնելու հարցի առաջ։ Վտանգված է երկրի տարածքային ամբողջականությունը, նվազագույնի է հասցված երկրի սուբյեկտայնությունը, անվտանգությունը։ Արցախը կանգնած է առհասարակ լինել-չլինելու խնդրի առաջ։ Ունենք քաղաքականապես տհաս իշխանություն, այս պահին տեղի ունեցող գործընթացների հանդեպ անտարբեր հասարակություն։

Ու այդքանից հետո ի՞նչ եք ակնկալում, որ Իշխան Սաղաթելյանը ֆրանսիական միջնադարյան պաթետիկ ոճով կասեր․ Պատվովս եմ երդվում, պարոնա՛յք, մենք անկեղծ ենք մեր մոտեցումներում։

Նման գեղեցիկ խոսքերով հաղթանակի չեն հասնում, երբ հաղթանակը պահանջում է վճռորոշ պայքար, համապատասխան տերմինաբանությամբ։ Հաղթանակը կերտում են կոպիտ բառերով, կտրուկ գործողություններով, կոշտ գնահատականներով, վճռական քայլերով ու կարևորն անկարևորից տարբերելու ունակությամբ։ Իսկ մենք այսօր զբաղված ենք շատ անկարևոր քննարկմամբ, ճի՞շտ արեց, որ Իշխան Սաղաթելյանը եթերում կոշտ արտահայտվեց, թե՝ ոչ։ Եթե գտնում ենք, որ այս քննարկումը Հայաստանն ու Արցախը դուրս կբերի ներկայիս իրավիճակից, ապա շարունակենք քննարկումը։