Գյումրու ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի ՔՊ-ական քեռու տղան ձերբակալվել է թմրանյութ պատրաստելու կասկածանքով

Նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի համայնքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, հնարավոր է, իրենց մոտ թմրանյութ ունենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Համայնքային ոստիկանները ժամանել են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալել են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջունյանին։

Վերջիններս «Opel»-ով տեղափոխվել են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։ Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Կայքի տեղեկություններով, Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար։ Նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:

Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը։

Կայքի տեղեկություններով, Վ. Խոջումյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հարազատ քեռու որդին է և Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Իսկ Պ. Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գյումրու ավագանու անդամ է։