Բաքվին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը․ Արարատ Միրզոյան

Բաքվին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը, ինչը ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է ստորագրել այն, ինչը համաձայնեցված է․ «Երբեմն ադրբեջանական կողմը նախապայմաններ, խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ կարող ենք օր առաջ արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել։ Իհարկե, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի կարգավորել, մնացյալն արդեն կմնա հետագա բանակցություններին կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում»։

Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը մասնավոր պահնորդական ընկերության հսկողությանը հանձնելու հնարավորությանը, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Երկաթուղու երկայնքով տեղակայվող երրորդ կողմի՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չէ։

«Մենք ասել ենք, որ երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեզ համար դա անընդունելի է։ Մեր այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,-հավելել է Միրզոյանը։

Ըստ նրա՝ որպեսզի մարդկանց մոտ անվտանգությունը ևս մեկ աստիճանով ավելանա, կարող են երկու երկրներում ներգրավել արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերության, որն, օրինակ, գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։