Վեհափառին ԱԺ քննիչ հանձնաժողով կանչելը կնմանվի НКВД-ի հարցաքննության. Ո՞ւմ նկատի ուներ Չարենցը՝ ասելով. «Դեմքերը, ախ, բութ են այնպես…». Mediahub

Շատերս ֆիլմերից կհիշենք, թե ինչպես էին НКВД-ի (վաղ խորհրդային ժամանակներում այդպես էր կոչվում КГБ-ն) քննիչները բութ դեմքերով հարցաքննում «զոհին», և նրանց նպատակը ոչ թե ճշմարտությունը գտնելն էր, այլ մեղավոր «նշանակելը»։

Որպես կանոն՝ ով հարցաքննվում էր, հիմնականում նա էլ վերջնարդյունքում դառնում էր «մեղավորը»։

Ահա ներկայումս հենց НКВД-ի տպավորություն է թողնում ԱԺ-ում ձևավորված այն քննիչ հանձնաժողովը, որն իբր պետք է զբաղվի Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով ու առանձին հոգևորականների գործունեությամբ։

Նման քայլով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստեղծում է սահմանադրական ճգնաժամ, ավելի ճիշտ՝ ընդհանրապես ոտնահարում է Սահմանադրությունը։ Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ միայն պետական պաշտոնյաներն են պարտավոր ներկայանալ քննիչ հանձնաժողով. մյուսները, ովքեր պետական աշխատող չեն հանդիսանում, որևէ պարտավորվածություն չունեն կատարելու ԱԺ քննիչ հանձնաժողովի պահանջը։ Առավել ևս՝ Վեհափառ Հայրապետը, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին ոչ միայն տարանջատված է պետությունից, այլև ունի բացառիկ կարգավիճակ։ Չկա նաև որևէ իրավական միջոց, որով կկարողանան Վեհափառին ու մյուս հոգևորականներին բերման ենթարկել, եթե վերջիններս հրաժարվեն ներկայանալ հանձնաժողով։

Բայց մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը և անդրադառնանք այն նողկալի տեսարանին, որը ձգտում է ստանալ ՔՊ-ն։

Նույնիսկ վիզուալ առումով նման բան պատկերացնելը կարող է գարշանք առաջացնել ցանկացած ողջամիտ մարդու մոտ։ Ուրեմն՝ սեղանի մի կողմում նստած են անկենսագիր, որևէ արժեք չարարած, կյանքում ոչ մի նշանակալի հետք չթողած, հասարակական որևէ բարիք չստեղծած, НКВД-ի քննիչների պես ոչինչ չարտահայտող դեմքերով մի խումբ երիտասարդներ, իսկ սեղանի մյուս կողմում՝ Վեհափառ Հայրապետը։ Ու ահա այդ երիտասարդները հարցեր են ուղղելու Վեհափառին։

Իսկ հարցերը լինելու են մոտավորապես հետևյալ բնույթի ու սկսվելու են այսպես.

– Պարո՛ն Ներսիսյան, դուք ունե՞ք զավակ, պատասխանե՛ք՝ այո կամ ոչ։

Ակամայից հիշեցի Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը. «Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»։

Ու ամենևին կարևոր չէ այլևս՝ կգնա՞ Վեհափառը քննիչ հանձնաժողով, թե՞ ոչ, կպատասխանի՞ որևէ հարցի, թե՞ ոչ, որովհետև, որքան էլ ցավալի հնչի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհում Նիկոլ Փաշինյանն արդեն որոշ առումով հասել է հաջողության։

Նրան հաջողվել է ստեղծել մի իրավիճակ, որ յուրաքանչյուր ոք արդեն կարող է իրեն թույլ տալ հրապարակավ վիրավորել Վեհափառ Հայրապետին ու նրան կոչել ավազանի անունով։ Յուրաքանչյուր ոք կարող է հայհոյանքներ հնչեցնել հոգևորականների հասցեին ու մնալ անպատիժ։ Յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ հանգուցյալ Կաթողիկոսների շիրիմներին ու հարվածել Մայր Աթոռի դռանը։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է պառակտել Եկեղեցին և, թեկուզ ոչ մեծաթիվ, բայց գտնել տիրադավների, որոնք կուրանան իրենց հոգևոր հորը։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է, օրինակ, Մասյացոտնի թեմը բաժանել երկու մասի։

Ցավալի է, բայց իրերը պետք է անվանել իրենց անուններով ու խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այս փուլում կարողացել է սասանել Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը մեր կյանքում ու ինչ-որ չափով ստվեր գցել նրա հեղինակության վրա։

Խոշոր հաշվով՝ դա այն է, ինչ ցանկանում է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ խարխլել հայ ժողովրդի ամենակարևոր հենասյուներից մեկի հիմքերը։ Իհարկե, միայն խարխլելը բավարար չէ, սակայն, թե որքանով նրանց կհաջողվի մինչև վերջ հասնել իրենց նպատակներին, դա արդեն կախված է մեզնից։ Եթե մենք պաշտպանենք Վեհափառ Հայրապետին, դրանով պաշտպանած կլինենք նաև մեզ։ Նրան բախտի քմահաճույքին թողնելը նշանակում է ընդառաջ գնալ սեփական կործանմանը։

Կարեն Կարապետյան