Հետախույզ ներկայացող Վարդանովը ավագ լեյտենանտի կոչում է ունեցել, Վազգեն Սարգսյանը կոչումազրկել տուն է ուղարկել. Քոչարյան

Երբ ժամանակն անցնում է, պատմությունը կեղծելու գայթակղությունը շատ մեծ է: Այն պետք է անընդհատ ճիշտ շարադրվի:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք անընդհատ տեսնում ենք, որ էսօր պատմությունը կեղծում են փորձագետները, որոնք բանակի հետ կապ չեն ունեցել, էսօր պարզվում է բանակի հայրերն են, մայրերն են, քեռին ու աղջիկներն են:

Խոշորագույն փորձագետի հետ եք հանդիպում ունենում, հարցազրույց անցկացնում։ Խոսքը Վարդանով Վլադիմիրի մասին է ՈՄԱ ՀԿ ղեկավարի և դուք գմբեթների հարցերին եք անդրադառնում, գմբեթ 1, գմբեթ 2, կարող է էլի կան։ Ես դրանց հողաթմբեր եմ անվանում, քանի որ զինված ուժերի տնօրինումից դուրս է, դրա բացատրությունը որևէ մեկը չի կարող տալ, բացի այն, որ ազգովի գումար հավաքեցին և ստեղծեցին գմբեթներ, չորս հազար գմբեթ պետք է կառուցվեր:

Անձնավորությունը, որ ներկայանում է բանակի «հայր», դա զարմանալի է, ինչ է նշանակում, ես բանակի հայրերից մեկն եմ, ուրեմն բանակը մայր ունի, հորաքրոջ աղջիկներ, չի կարելի այսպիսի ձևակերպումներ են»,- ասել է Քոչարյանը:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, այն, որ ՈՄԱ-ն շատ կարևոր գործունեություն է ծավալում, ոչ մեկը չի հերքում: Սակայն Վարդանովի որոշ ձևակերպումներ մտահոգիչ են:

«Զարմանալի էր, որ գնահատական տրվեց բանակի առաջնագծի կառույցին, և ասվեց, որ սա եղբայրական գերեզմանոց է։ Այդ անձնավորությունն ինձ այնքան հետաքրքրեց, որ ես տեղեկանք պահանջեցի պաշտպանական գերատեսչությունից, որպեսզի տեսնեի մարտական գործի մեջ նա կրթություն ունի՞, զինվորական կրթություն ունի, թե չունի, տվյալ խոսույթը ինչքանով է հարիր սպային:

Եվ ես առնչվեցի մի շատ դառը իրողության հետ: Նա պարզվում է, երբ ներկայանում է հետախույզ, հետախույզի օրագիր, հարյուրավոր ճեղքումներ, այդ ճեղքումները արձանագրված չեն գոնե մեր բանակի հետախուզության կառույցներում։ Ներկայացել է, որ ինքը բանակային հետախուզության ճանապարհ է անցել, սակայն նա Պսկովում է անցել ծառայության, հատուկ նշանակության գնդում եղել է ռադիոկապի դիսպետչեր, ռադիոկապը հաստատ ճեղքումների համար չէ:

Բացի այդ նրա կենսագրությունում ըստ Քոչարյանի ավելի հետաքրքիր դրվագներ կան։ «Նայում եմ կենսագրությունը պարոն Վարդանովը 01.09. 96-ից մինչև 05.11.96 թթ (երկու ամիս)եղել է ՆԳ և ԱԱԾ ստորաբաժանման մեջ որպես աշխատակից, ավելին մասնակցել է 96 թվականի ԱԺ դարպասների պաշտպանությանը, դրանից հետո պարոն Վարդանովը տեղափոխվում է ՊՆ  և նշանակվում է N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, աշխատել է երեք ամիս, ստացել ավագ լեյտենանտի կոչում և Վազգեն Սարգսյանը նրան ինչ-ինչ պատճառներով կոչումազրկել է և ուղարկել է տուն, պահեստազոր:

Արդեն ինքը կոչում էլ չունի, բայց որ ասում է ինձ կանչել են, որ կոչումս վերականգնեն, գնա վերականգնի պարոն Վարդանով, բայց մի նսեմացրեք այսօրվա այն մարդկանց, որոնք կերտում են վաղվա բանակը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։