Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սաղաթելյան

«Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու»,- Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Փոխենք արտաքին քաղաքական վեկտորը, և Արևմուտքը կապահովի մեր անվտանգությունը» խոսույթը զուրկ է հիմքից։ Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող»,- ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրական հնարավորությունները գնահատելով և դաշնակիցների հետ փոխգործակցելով է հնարավոր լուծել անվտանգային հարցերը։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ հարցեր, սակայն ունենք նաև ռազմավարական դաշնակցային պայմանագիր։ Ունենք մի շարք հնարավորություններ՝ մեր հարաբերությունները վերականգնելու, կարգավորելու, փոխվստահության մթնոլորտում մեր անվտանգային հարցերը լուծելու։

Իրանի հետ ևս ունենք բազմաթիվ հնարավորություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս և  շատ ուղիղ  հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է»,- նշել է ԳՄ ներկայացուցիչը։

Ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանի խոստումները Արևմուտքի հետ մերձեցումից՝ «ազատ վիզա», «բարեկեցիկ կյանք», անիրատեսական են։

«Ընդամենը մի քննարկում է եղել Հայաստանի՝ ԵՄ դիտորդի կարգավիճակի շուրջ։ Եթե այդ ճանապարհը հիմա վերցնենք, 20 տարի է պետք՝ հասնելու դրան, իսկ այս իրավիճակում պետություն  էլ չի՛ լինի։ Մենք լրջագույն անվտանգային հարց ունենք։ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար։ Այսօր ռուսներին դարձրել է Հայաստանի ինքնիշխանության «սպառնալիք» ու ՔՊ-ով հանդերձ՝ անընդհատ հայտարարում են այդպես, բայց  ոչ մի թթու խոսք Թուրքիայի և Ադրբեջանի մասին։ Վերջին բառերն են ասում Ռուսաստանին։ Իսկ լսե՞լ եք՝ մի անգամ Ադրբեջանին ու Թուրքիային կես բերան ինչ-որ բան ասեն։ 5 000 մարդ են կոտորել, մեր հայրենիքն են զավթել, ցեղասպանություն են իրականացրել ժողովրդի նկատմամբ․ ոչ մի խոսք։ Ինչու՞՝ որովհետև իրենց՝ իշխանության մնալու երաշխիքը այսօր նաև Թուրքիան ու Ադրբեջանն են, և նրանցով այսօր ամենաշատն են շահագրգռված»-հավելել է Սաղաթելյանը։