Մենք ոչ մեկի մահը չենք ուզում, շնորհակալ ենք ԵՄ-ին ոչ մահաբեր զենքերի համար․ հիրավի Աստվածավախ աջակցություն է
Իհարկե մարդ սպանելը լավ բան չէ, հատկապես երբ առաջնորդվում ենք բացառապես խաղաղության օրակարգով, որը տրանսֆորմացիայի է ենթարկվել և ստացել խաղաղության խաչմերուկ անվանումը։ Եթե դրան էլ հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը արգելել է կրակել թշնամու վրա, երբ վերջինս դիմում է սադրանքի ու հատկապես խոստանում է պատժել կրակողներին, ապա ոչ մահաբեր զենքերն իսկը մեզ համար են։
Երեկ խորհրդարանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ոչ մահաբեր զենքի հարցում, ինչը մտնում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներում։
Դժվար ԵՄ-ն մեզ տրամադրի պարսատիկներ, որոնցով խաղում էինք փոքր ժամանակ, որովհետև լավ հարվածելու դեպքում, պարսատիկով էլ հնարավոր կլինի մարդ սպանել։ Ամենայն հավանականությամբ, մենք կստանանք ռադիոլոկացիոն համակարգեր, որոնք կհայտնաբերեն հակառակորդի թռչող թիրախները։ Կհայտնաբերենք ու․․․ու քանի որ միայն հայտնաբերելու ենք, թերևս դիմենք փախուստի, ով ոնց կարող է։ Սա, իհարկե, այն դեպքում, երբ խոսքը ռադիոլոկացիոն համակարգերի մասին է, քանի որ դեռևս հստակ չէ, թե հատկապես ինչ ոչ մահաբեր զենքեր կստանանք։
Իհարկե, ստանալով այդ ոչ մահաբեր զենքերը՝ հանգիստ կարող էինք առաջնորդվել «Մի՛ սպանիր» պատվիրանով, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվեին նաև ադրբեջանցիները։ Բայց նրանք, ի տարբերություն մեզ ու ԵՄ-ի, այլ տեսակի զենքեր են նախընտրում։
Ալիևն Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացնելուն զուգահեռ խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, ընդհուպ Ադրբեջանում գրոհային ու մահաբեր Բայրաքթարների արտադրությունը, մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր է կնքում Պակիստանի հետ ու ձեռք է բերում կործանիչներ, կատարում է տասնյակ զորավարժություններ, զինված մահաբեր զենքերով։
Իսկ մենք բանակում խաղում ենք բասկետբոլ ու ֆուտբոլ և զինվում ոչ մահաբեր զենքերով։
Կարեն Կարապետյան