Կոնսերվատորիան Կոմիտասի պուրակից առանձնացնելը նույնն է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլուխն անջատես մարմնից

Նիկոլ Փաշինյանի ինտելեկտը չի բավականացնում հասկանալու համար, որ բուհը միայն դասասենյակներն ու ուսուցման ծրագիրը չեն, բուհը նաև տվյալ հաստատության կենսագրությունն ու պատմությունն է, միջավայրն ու կոլորիտը։ Ավելին՝ յուրաքանչյուր բուհ նաև Երևանի կենսագրությունն ու պատմությունն է։ Ցանկացած բուհ Երևանի այն հատվածում, որտեղ գտնվում է, հանդիսանում է այդ վայրի այցեքարտը։

Օրինակ, տեղափոխելով Կոնսերվատորիան, ի՞նչ է լինելու Կոմիտասի արձանի ու պուրակի հետ։ Չէ՞ որ այդ երեքը մի ամբողջություն են՝ կապված մի ընդհանուր պատմությամբ, նրանց առանձնացումը նույնն է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլուխն անջատես մարմնից, բայց երկուսն էլ շարունակեն ապրել առանձին կյանքով։

Սակայն խնդիրը միայն ինտելեկտի բացակայությունը չէ։ Ինչպես ազգային արժեքների ու պետական խորհրդանիշերի դեպքում, նույնն էլ Երևանի պարագայում, Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է ջնջել Հայաստանի պատմությունն ու կենսագրությունը, զրկել դիմագծից։ Այս ամենը ոչ թե սոսկ տգիտության արդյունք է, այլ հստակ ազգակործան, պետականակործան, հայրենադավ, հայրենաուրաց քաղաքականություն։

Ոչ ոք թող միամտաբար չկարծի, որ տարանջատված են մեզ հասցվող հարվածները, Արցախի ու Հայաստանի տարածքների հանձնումը, Արարատ լեռան ու հայոց պատմության արժեզրկումը, պետական հիմն ու զինանշանը ծաղրուծանակի ենթարկելը, Երևանի դիմազրկումը․․․այդ ամենը մի ամբողջական ծրագրի առանձին հատվածներն են։

Կարեն Կարապետյան