Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն որոշ ՔՊ-ականներ․ անհայրենիզմի մրցավազք
Թեպետ ողջ իշխանությունը գաղափարազուրկ է ու անհայրենիք, սակայն նույնիսկ նման անփառունակ զանգվածում միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են առանձնանալ ընդհանուրից, սակայն ոչ թե հայրենատեր ձևանալու, այլ հույս փայփայելու, որ ինչ-որ ժամանակ անց կկարողանան դառնալ յուրայինների գլուխ։
Եվ հենց դա է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել։ Նրա համար սեփական «քաղաքական» թիմը պետք է համապատասխանի Աբու Լալա Մահարիի ձևակերպմանը․ «Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը – ահեղ խարազան, մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման»:
Տարբերվելու ցանկացած փորձ անմիջապես պատժվում է։ Ժամանակին Արարատ Միրզոյանն էր ցանկանում լրջության որոշակի նշաններ պահպանել, ինչը նրան հնարավորություն կտար ապագայում ձեռք բերել այն «քաղաքական» կշիռը, որն ունի գլխավոր հայրենադավը, սակայն փոխվարչապետից ԱԺ նախագահ, այնուհետև ԱԳ նախարար դեգերումների ճանապարհին ամբողջության մաշվեց նրա լրջության պաշարը, և Արարատ Միրզոյանը վերածվեց ընդամենը Նիկոլ Փաշինյանի խոսափողի։
Այնուհետև եկավ Տիգրան Ավինյանի հերթը, որը ինչ-որ ժամանակահատվածում կարծես չէր էլ թաքցնում սեփական ամբիցիաները և անում էր ամեն ինչ, որպեսզի տարբերվի ՔՊ-ի գորշ զանգվածից, սակայն քրքաշ քաղաքապետ դառնալով ավարտվեց նրա «դարաշրջանը» ու վերջ տրվեցին հետագա առաջխաղացման բոլոր երազանքներին։
Հայտնի խոսք կա․ «Խելացիները սովորում են ուրիշների, իսկ հիմարները՝ սեփակական սխալի վրա»։ Ալեն Սիմոնյանը որոշեց, որ ճիշտը սեփական սխալների վրա սովորելն է և իշխանության գլխապտույտից թռփոշացած՝ կորցրեց ոչ միայն զգուշությունը, այլ առհասարակ ադեկտվատությունը ու․․․Նիկոլի մահարիական մկրատը չուշացավ։
Թող պատրաստվեն Սուրեն Պապիկյանն ու Արմեն Գրիգորյանը, որովհետև նրանց էլ կռնատելուց հետո, ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքն առաջիկա 20 տարում ներքին մրցակից չի ունենա։ Իսկ որ Նիկոլի մկրատը նրանց ապագայում թողնելու է «անթև», կասկածից վեր է։
Այդ ամենի ֆոնին պատահական չէ Վահագն Ալեքսանյանի և Գևորգ Պապոյանի ՔՊ փոխնախագահներ նշանակվելը։ Նրանք ունեն մի շարք ընդհանրություններ։ Երկուսն էլ առավելագույնս գաղափարազուրկ են ու հնարավորին չափ անհայրենիք, երկուսն էլ նույնիսկ արտաքին լրջության խիստ պակաս ունեն, երկուսն էլ կարող են արտահայտել այնպիսի մտքեր, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ չի տալիս, երկուսի ամբիցիաները լիովին բավարարված են, ու իրենք էլ են հասկանում, որ ավելիին ձգտելն իրենց պարագայում չի հաջողվի, եթե նույնիսկ Ալիևն այդ պահանջը ներկայացնի, երկուսն էլ ունեն նախկինում չգնահատվածության բարդույթ․ մեկը ժամանակին թափառել է ԲՀԿ-ի տնամերձ այգիներում, մյուսը՝ ՀՀԿ-ի։ Այդ երկուսի միակ տարբերությունն այն է, որ մեկը չաղ է, մյուսը նիհար։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է ոչ միայն Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, այլ նույնիսկ սեփական թիմը՝ այն հույսով, որ ինքն է հռչակվելու 4-րդ հանրապետության միակ, անկրկնելի, անփոխարինելի հիմնադիր հայրը։ Սակայն զուր են այդ ջանքերն ու զուր են այդ մատաղացուները, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես Մելիք Ֆրանգյուլ։