Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվն անցել է 18.000-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել: Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ստորգետնյա ավերիչ ցնցումներից մահացել է 18.342 քաղաքացի, վիրավորվել՝ 74242-ը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Երկրաշարժն ավերածությունների պատճառ է դարձել Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիյե, Գազիանթեփ, Շանլիուրֆա, Ադըյաման, Մալաթիա, Հաթայ քաղաքներում ու դրանց հարակից շրջաններում:

Երկրում դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցված է մինչև փետրվարի 13-ը, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում՝ մինչև փետրվարի 20-ը: Թուրքիայի խորհրդարանն էլ հավանություն է տվել երկրաշարժից տուժած 10 նահանգներում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու կառավարության առաջարկը:

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան հազար մարդ, երկրի տարբեր գերատեսչություններից: Աշխատանքներին մասնակցում են նաև հազարավոր փրկարարներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Հայաստանից մեկնած 27 հոգանոց փրկարարական ջոկատն աշխատում է Ադըյաման քաղաքում։