Առնվազն վաղը ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պետք է պաշտոնանկ արվեն

Մեկ օրում բանակում ունեցանք երկու զոհ, երկուսն էլ ոչ թշնամու կրակոցից, այսինքն՝ երկու դեպքում էլ գործոն են հանդիսացել ոչ կանոնադրային հարաբերությունները։

Օրերս մարզասրահի բասկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին հեռացրեց աշխատանքից, ինչը խիստ բնորոշ է նրա պոպուլիստական էությանը, քանի որ եթե անկեղծ լինենք, ոչ մի մարզպետ չի կարող ուղղակի պատասխանատվություն կրել ինչ-որ մի կախիչի ամրության համար։

Բայց այս դեպքում գործ ունենք արդեն մարդկային կյանքերի, ու անդառնալի ողբերգության հետ ու սա առաջին դեպքը չէ, որն ապացուցում է, որ ո՛չ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ո՛չ էլ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը իրենց տեղում չեն ու չեն տիրապետում իրավիճակին։

Մի կողմ թողնենք ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ տարածքում, որն ապացուցում է, որ առաջին հերթին տեղում չէ, կամ ավելի ճիշտ թյուրիմացաբար սխալ տեղում է հայտնվել վարչապետի ու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, այլ հիշենք զորանոցի հրդեհը, ինչը թե՛ ՊՆ նախարարը ու թե՛ ԳՇ պետը մարսեցին։

Եթե վաղն այս երկուսը շարունակեն պաշտոնավարել, կնշանակի Փաշինյանը կարողանում է հոխորտալ միայն մարզպետների ու ԿԳՄՍ նախարարի վրա։