Այս ՔՊ-ականին, որը կրում է Վաղարշակ Հակոբյան կոդը, ծրագրավորել են երկու ուղղությամբ
Շատերին թվում է՝ երբ մեկ անգամ ասել են Նիկոլը պետք է հեռանա, այս իշխանություններն աղետ են, ՔՊ-ն գաղափարազուրկ է ու քաղաքականապես անկենսագիր, ապա այդքանը բավարար է և հետագա կրկություններն ավելորդաբանություն են։ Սակայն դա այդպես չէ, քաղաքականության մեջ կա ոսկե կանոն․ որպեսզի ասելիքը ունենա հետևանք ու արդյունք, ապա այն պետք է կրկնել հազար անգամ ու անդադար, պետք է կրկնել այնքան, որ այլևս ասելու կարիք չլինի։
Եվ այսպես, հազարերորդ անգամ շեշտում ենք, որ ՔՊ-ն աղետ է, չարիք, գաղափարազուրկ ու քաղաքականապես անկենսագիր։
Վաղարշակ Հակոբյանը, որը պատկանում է հենց գաղափարազուրկ ու քաղաքականապես անկենսագիրների դասին (և դա իրականություն է, նայեք նրա կենսագրությունը, ուսումն ավարտելուց հետո 2011 թվականին հիմնել է ինչ-որ ասոցացիա․․․2018-ին պատգամավոր։ Արդյունքում ոչ մի քաղաքական հետագիծ), ծրագրավորվել է երկու ուղղությամբ։
Առաջինը՝ Արցախի հայաթափման համար մեղավոր են բացառապես Արցախի իշխանությունները, երկրորդը՝ իրենց հաջողվել է ընդդիմությանը բերել կառուցողական դաշտ։ Ընդ որում, այս մտքերն իրեն այնպես են դուր եկել, որ լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ դրանք արտաբերում է սեթևեթելով՝ միաժամանակ փորձելով դեմքին տալ ներքին «իմաստություն ու դիմացինի անտեղյակության հանդեպ ներողամտություն» արտահայտող ժպիտ։ Իրեն թվում է՝ Հենրի Քիսինջերի մահից հետո քաղաքական մտքի հաջորդ տիտանն ինքն է՝ Վաղարշակ Հակոբյանը։
Այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայ քաղաքական մտքի հանճարը հերթական անգամ խորհրդավոր ժպիտը դեմքին՝ հայտարարեց, որ իրենց հաջողվել է ընդդիմությանը բերել կառուցողական դաշտ, այլ խոսքով՝ ընդդիմության հետ ոչ մի խնդիր չկա։
Այս հարցում, թերևս, մեղավոր են հենց իրենք՝ խորհրդարանական ընդդիմադիրները, քանի որ Ազգային ժողովում իրենց գլխավոր առաքելությունն այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու, ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն առընչվող հարցերի փոխարեն պետք չէր բանավեճերի մեջ մտնել ու քննարկել երկրորդական նշանակություն ունեցող օրենսդրական նախագծեր։
Այս հարցում Վաղարշակ Հակոբյանի «մեղքը» միայն այն է, որ իր քաղաքական «գրագիտությունը» թույլ չի տալիս հասկանալ՝ ընդդիմությունը միայն խորհրդարանական պատգամավորները չեն, ու եթե իրենց հաջողվել է որոշ պատգամավորներին բերել կառուցողական դաշտ ու մտածել, որ այլևս խնդիր չունեն, ապա այդ մտածողությունը իշխանավորներին կարող է ոչ միայն մտավոր, այլև նույնիսկ ֆիզիկապես վերածել ջայլամի։
Բայց երկրորդ հարցում ընդօրինակել ամեն ինչ ուրիշների ջեբը գցելու իր շեֆի դատարկամտությունը և Արցախի կորստի ու հայաթափման համար մեղադրել Արցախի իշխանություններին, «խաղաղության պայմանագիրն էլ» համարել բացառիկ ձեռքբերում՝ կա՛մ կանխամտածված ստորություն է, կա՛մ քաղաքական բթամտություն։
Շեշտում ենք, ոչ թե Վաղարշակ Հակոբյանի, այլ մեր ընթերցողների համար․ ՔՊ-ականներին որևէ բան ասելն իմաստ չունի, կարող է իրենց պատկերացմամբ մտնենք «կառուցողական դաշտ»։
Եվ այսպես, Արցախի հանձնման ու հայաթափման համար մեղավոր է միայն մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն էր, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում ու այդպիսով Հայաստանը դադարեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը, ինչի արդյունքում էլ Արցախն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ մնաց մենակ։
Նիկոլ Փաշինյանն էր, որ մատը մատին չխփեց Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ժամանակ ու Արցախի մեր հայրենակիցներին կանգեցրեց հյուծման եզրին։
Նիկոլ Փաշինյանն էր, որ չխառնվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող վերջին ագրեսիային (այդ փաստը ողջունվեց Ալիևի կողմից) ու Արցախի մեր հայրենակիցները կանգնած մնացին ոչ թե տեղահանման, այլ ֆիզիկական ոչնչացման եզրին։
Նիկոլ Փաշինյանն է, որ արգելել է օգտագործել Արցախ բառն այն աստիճանի, որ երբեմն տարբեր տրամաչափի պատգամավորիկներ կամ նախարարիկներ այն ասելիս, ներողություն են խնդրում։
Ինչ վերաբերում է տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը» որպես հաջողություն ներկայացնելուն, ապա սույն պատգամավորին, որ պատահաբար պատմական գիտությունների թեկնածու է, հիշեցնենք, որ «խաղաղության պայմանագիր» կարող է ստորագրել միայն հաղթող կողմը, պարտվող կողմը, այն էլ ձեզ պես ոչնչացված, ստորագրում է միայն կապիտուլյացիոն ակտ։ Եթե նա, լինելով պատմաբան, այս պարզ իրականությունը չի գիտակցում, ապա հաղորդում ենք ներկայացնում ոստիկանություն, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկեն նրան գիտական աստիճան շնորհողներին։