ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է
Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
« Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։
Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։
Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ և սառը զենք չի հանդիսանում:
Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»- ասաց Աբրահամյանը։