Հաստատվեց ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում անձը չի կարող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ օգտագործել

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում հաստատեց պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը ՀՀ քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը:

Նախագծով առաջարկվող հիվանդությունների ցանկը տարածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից:

Այդ ցանկում ընդգրկված են հետեւյալ հիվանդությունները.

  1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09)
  2. Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևան-քով(F10-F19)
  3. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)
  4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)
  5. Սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48)
  6. Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69)
  7. Մտավոր հետամնացություն (F70-F79)
  8. Էպիլեպսիա (G40)