Իշխան Սաղաթելյանի դեմ տարածվողղ հերթական սուտն ապացուցում է իշխանական քարոզչամեքենայի բարոյազուրկ լինելը
Երեկ Ֆեյսբուքյան որոշ էջեր հերթական արշավը սկսեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի դեմ։ Այլևս կարևոր չէ, թե ինչ ստահոդ լուրեր էին շրջանառում, քանի որ, նախ՝ երեկ արդեն գրել ենք այդ մասին, երկրորդը՝ ցանկացած կեղծիք տիրաժավորելիս, կամա թե ակամա ջուր ես լցնում դրանց հեղինակների ջրաղացին և երրորդը՝ կարևորը ոչ այնքան կեղիքն է (ցավոք իշխանության ամբողջ պրոպագանդան հիմնված է կեղծիքի ու մարդկանց արատավորելու փորձերի վրա), այլ այն նպատակը, որը հետապնդում են նմանատիպ կեղծիքների հեղինակները։
Առաջին պատճառն այն է, որ իշխանությունները առաջնահերթ թիրախավորում են այն մարդկանց, հանձինս որոնց տեսնում են իրական վտանգ, որոնք կարող են «հարամել» իշխանական վայելքները, բացահայտել իշխանության ապազգային գործունեությունը և խարխլել իշխանության հիմքերը։
Երկրորդ պատճառը տեղի ունեցող կարևոր գործընթացներից հանրության ուշադրությունը շեղելն է։
Թեպետ մենք ավելի շատ հակված ենք առաջին տարբերակին, սակայն այնուամենայնիվ երկրորդ վարկածը նույնպես բավականին իրատեսական է, ինչին և անդրադարձել է հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը․
«Իշխան Սաղաթելյանի դեմ ստերը պարզ է ինչու սպրդեցին:
Ադրբեջանը բռնել է Գեղամ Մանուկյանի եղբորը, դաշնակցական գեներալ Դավիթ Մանուկյանին:
Ուրեմն, չերեզ Սաղաթելյանի դեմ ստեր չեզոքացրին Դաշնակցության մասին այս լուրը:
Միայն ոնց արվի, որ Դաշնակցությունն ավելի արագ ու հնարամիտ լինի, որ իր օրակարգն իշխի, ոչ թե թուրքի, խնդրում եմ բոլորին օգնեք Դաշնակցությանն այս հարցում»,-գրել է նա։
Նշենք, որ շրջանառության մեջ դրվող «լուրը» հերքել է նաև Իշխան Սաղաթելյանի եղբայրը՝ Նաիրի Սաղաթելյանը, գրելով․ «Ստի և կեղծիքի միջոցով թիրախավորել են ընտանիքիս ու եղբորս, թե, իբր, արցախցիներին տեղավորելու համար իրենց հյուրանոցը չեն տվել։
Պաշտոնապես ասում եմ` իմ ընտանիքի կողմից վարձակալված Ծաղկաձորի «Վիլլաձոր» հյուրանոցում երեկվանից տեղավորվել է 42 արցախահայ։ Վերջ տվեք…»։
Հետևաբար բոլոր այն սոցիալական էջերը կամ «լրատվամիջոցները», որոնք տարածել էին նախորդ օրվա «լուրը», պարտավոր են տարածել նաև Իշխան Սաղաթելյանի եղբոր՝ Նաիրի Սաղաթելյանի հերքումը, հակառակ դեպքում հերթական անգամ կապացուցեն, որ իրենք ընդամենը իշխանական պալատի սազանդարներ են, որոնց չի հետաքրքրում ոչ ճշմարտությունը, ոչ էլ մարդկանց բարի համբավն ու պատիվը, այլ հետաքրքրում է միայն իջեցրած պատվերն ու դրա դիմաց վճարվող գումարի չափը։