Կրկեսային հրավառությունները շարունակվում են
Կրկեսը ոչ միայն մանուկների այլ նաև մեծերի համար միշտ սիրվել ու սպասված է եղել։ Արդեն մոտ 15 տարի է, որ մեր քաղաքի միակ Կրկեսի շենքը պայթեցրեցին և խոստացան մի քան տարում նոր շենք կառուցել ու բացել՝ ավաղ․․․ շենքը վաղուց կանգուն է, բայց կրկեսը չի բացվում․․․
Ի ուրախություն մեզ արդեն մի քանի հրաշալի ելույթներով հիացրել ու զարմացրել են Երևանում հյուրընկալվող ՎԱՐԴԱՆՅԱՆ եղբայրների կրկեսային խումբը, ովքեր մեծ սպիտակ վրան են հավաքել Հրազդան ստադիոնի հարևանությամբ ու ամեն շաբաթ և կիրակի օրերին այցելուներին հիացնում ու զարմացնում են մասնագիտական բարձր պրոֆեսոնալիզմով ու հետաքրքիր, վտանգավոր ու նաև ծիծաղաշարժ համարներով։
Երեկվա կրկեսային ելույթին Վարդանյան եղբայրներն ու կրկեսային խմբի արտիստները հատուկ ծրագիր էին կազմել ու ցուցադրեցին իրենց բարեգործական ելույթները 44-օրվա պատերազմի մասնակիցների, զոհվածների, ծնողազուրկների, բազմազավակ մայրերի երեխաների համար և պետք է ականատես լինեիք ու կզգայիք թե ինչ խանդավառություն, ուրախություն ու հիացմունք էր այդ երեխաների դեմքերին։
Ի դեպ Վարդանյան եղբայրների կրկեսային խումբը արդեն 4 բարեգործական ելույթներ է տվել, որի համար արժանացել է բուռն ծափերի ու բարձր գնահատականի․․․
Երևանում․ելույթների ժամանակ հանդես են գալիս ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները, որոնք առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայանալուց զատ՝ եղբայրները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։
Ծրագրում ՝ խմբակային ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները․ իսկ երեխաների համար հատուկ մշակված խաղեր, ու անակնկալներ․․․ «Հավաքեցինք թիմ, որի հետ կկարողանայինք պատրաստել բոլոր այն համարները, որոնք բնորոշ են ավանդական կրկեսին։
Ծրագրել ենք այնպիսի ցուցադրություն, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի ոչ միայն փոքրերի համար, այլև մեծերի»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։
Եղբայրներն անկեղծանում են՝ իրենք խախտել են ֆիզիկայի բոլոր կանոնները՝ այս ժանրում հանդես գալու համար, քանի որ իրենց կազմվածքը, հասակն ու քաշը լիարժեք չեն համապատասխանում ուժային ակրոբատիկայի սահմանված չափանիշներին։
Սակայն մասնագիտության հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը ստիպել են առաջ շարժվել ու անել գրեթե անհնարինը։
Նկատում են՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը։Մնում է ավելացնել ԲՌԱՎՈ, ԲՌԱՎՈ ու էլի ԲՌԱՎՈ․․․ Այնպես որ շտապեք և ձեր երեխաներին հրաշալի տոնական մի օր նվիրեք, քանի որ Վարդանյան եղբայրների կրկեսային խումբն ամեն շաբաթ և կիրակի օրերին, մինչև նոյեմբերի վերջ , սպասում է ձեզ, բաց մի թողեք այդ հնարավորությունը․




