12 վարչական շրջան, 12 օր, 12 երիտասարդ, 12 արժեք․ ի՞նչ արշավ է մեկնարկել մայրաքաղաքում․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
Երևանի ավագանու ընտրությունները սովորական ՏԻՄ ընտրություններ չեն, թեև մայրաքաղաքում է կենտրոնացած Հայաստանի բնակչության կեսը, և Երևանը համարվում է ամբողջ հայության գլխավոր քաղաքը։
Սեպտեմբերի 17-ի ընտրությունները դառնալու են յուրատեսակ ուղերձ ողջ հայության համար, ուղերձ, որտեղ արտահայտված են լինելու մեր արժեքները, մեր առաջնահերթությունները և ստեղծված իրականության վերաբերյալ մեր դիրքորոշումը։
Մեր կատարած ընտրությամբ ենք ցույց տալու՝ արդյոք հաշտվել ենք ստեղծված իրավիճակի հետ և համակերպվել մեր հայրենիքի ու պետության դեմ ուղղված նվաստացմանն ու ստորացմանը։ Անկախ նրանից, թե Հայաստանի որ բնակավայրում ենք ապրում՝ մեր խնդիրներն այլևս միայն համայնքային չեն՝ ասֆալտապատում, մետրոյի ևս մեկ կայարանի կառուցում կամ փողոցային լուսավորություն։
Մենք ընտրում ենք այլ օրակարգ՝ պայքարի ու արժանապատվության օրակարգը, որի հիմքում ընկած է սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։ Այս օրակարգով սկիզբ է դրվելու խորքային փոփոխությունների, արժեքների վերաիմաստավորման։ Այս գործում առանցքային է երիտասարդության դերը։ Այդ պատճառով 12 երիտասարդներ, ստանձնելով պատասխանատվություն և կրելով 12 հիմնարար արժեքներ, որպես դեսպաններ 12 օր կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններ, կտարածեն այդ գաղափարները և կլսեն մեր համաքաղաքացիների կարծիքներն այս արժեքների և արժեքահեն ապրելակերպի մասին։ 12-ը խորհրդանշական թիվ է․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին հանդես է գալիս այս համարի ներքո։
Մեր պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունն իրականացնելու բացառիկ առաքելությունը։ Մենք համախմբման կոչ չենք անում, մենք դիմում ենք յուրաքանչյուր քաղաքացու՝ չհամակերպվել մեզ պարտադրվող իրականությանը, պայքարել հանուն ինքնության և արժանապատվության, որովհետև համախմբված կարող է լինել միայն այսպիսի արժեքներ ու գաղափարներ կրող հասարակությունը։ Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության, սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության։