Իրանն իր ռազմական օբյեկտների վրա հարձակման պատասխանատու է համարում Իսրայելին

Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Ինչպես փոխանցում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։


«Նախնական հետաքննության արդյունքները վկայում են, որ սիոնիստական ռեժիմը պատասխանատվություն է կրում Սպայանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտների վրա հարձակման համար։ Այդ ռեժիմի գործողությունները միջազգային իրավունքի խախտում է, ինչը դատապարտելի է»,-ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Իրավանիի նամակում։

«Իրանն ունի օրինական ու անքակտելի իրավունք՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունը և կտրուկ արձագանքել սիոնիստական ռեժիմը կողմից իրականացվող ցանկացած վտանգներին և օրինախախտումներին»,-նշել է Իրանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը անօդաչու հարվածային սարքերով հարձակում է տեղի ունեցել Սպահան քաղաքում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտների վրա։