«Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը Սուրեն Պապիկյանի հետ չի կայանա
Այսօր ժամը 17։00-ին նախատեսված Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ չի կայանա։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց անհետ կորած զինվորի ծնող Կարինե Մանավազյանը։
Նրա խոսդքով՝ ՊՆ-ից իրենց զանգահարել և տեղեկացրել են, որ նախարարի հետ այսօր հանդիպում չի կայանա, այն տեղափոխվել է վաղը։
«Այն գնդապետն է զանգել, որը մեզ երեկ հայտնել էր նախարարի հետ հանդիպման մասին։ Ասել է՝ ես եմ սխալվել, ես եմ սխալ հասկացել։ Մենք չենք կարող սպասել։ Բոլորն աշխատում են, թույլատվություն ենք վերցրել, որ հանդիպման գանք, այն էլ հերթական անգամ մեզ խաբում են»,- վրդովվեց անհետ կորած զինվորի մայրը։
Նա հայտարարեց, որ ծնողները պատրաստվում են շարունակել իրենց բողոքի ակցիան ՊՆ շենքի մոտ։
Ծնողների և նախարարի հանդիպման չեղարկման պատճառները փորձեցինք պարզել ՊՆ-ից։ Մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հանդիպման չեղարկման մասին տեղեկություններ չհայտնեց, միայն նշեց, որ հանդիպումը վաղն է պլանավորված։
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ակցիա են անցկացրել Պն շենքի դիմաց՝ պահանջելով Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում, բայց նախարարն այդպես էլ ծնողներին չէր ընդունել։
Նախարարի փոխարեն ծնողներին ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը, բայց նրա և ծնողների հանդիպումը հարթ չի անցել, լարված մթնոլորտում տեղի է ունեցել խոսակցություն, բանն անգամ հասել է քաշքշուկի։
Ծնողներին տեղեկացրել էին, որ այսօր Սուրեն Պապիկյանը կարող էր իրենց հետ հանդիպել։