Այս պահին մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքն այս իշխանությունների հեռանալն է

Այսօր Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը հերթական անգամ առիթ հանդիսացավ խոսել մի ցավալի երևույթի մասին։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, բայց պետք է փաստել, որ Հայաստանը Սյունիքի մարզի նկատմամբ չունի ամբողջական վերահսկողություն։ Աշխարհում երևի չի գտնվի մի պետություն, որի իշխանություններն այն աստիճան քաղաքականապես ոչնչություն լինեն, որ մի պետություն հավակնություններ ունենա նրա սուվերեն տարածքի նպատմամբ, սակայն այդ տարածքի անվտանգությունն ապահովողի դերում հանդես գա միանգամայն մեկ այլ պետություն՝ս հայտարարելով, որ չի հանդուրժի որևէ փոփոխություն իր սահմաններին։

Միամտություն է կարծելը, որ Սյունիքում Իրանը հյուպատոսություն է բացել բառիս բուն իմաստով հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար։ Նույնն էլ մոտ ապագայում պատրաստվում է անել Ռուսաստանը։

Ցավալի է, որ հասանք այն օրվան, որ մեր սուվերեն տարածքների, մեր մարզերի ճակատագիրը որոշվում են այլոց կողմից, ցավալի է գիտակցելը, որ ներկայումս Հայաստանը առհասարակ դադարել է գործոն հանդիսանալ նույնիսկ այնպիսի գործընթացներում, որոնք վերաբերում են իր տարածքներին։

Այդ հյուպատոսությունները նրանց քաղաքական ներկայությունն է Սյունիքի մարզում, որոնցով հասկացնում են այլոց, որ մենք այստեղ ենք, ու մեզ հետ պետք է հաշվի նստեք։ Սակայն որքան էլ նույն Իրանը այս պահին շահագրգռված լինի մեր տարածքային ամբողջականության հարցում, հաջորդ պահին իրանական շահը կարող է փոխվել, նույնն էլ վերաբերում է բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին։

Այնպես որ այս պահին մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքն այս իշխանությունների հեռանալն է։