Վերջերս ուժեղացրել էինք ճնշումները Ադրբեջանի դեսպանատան վրա, դա երևի դուր չէր եկել ՀՀ իշխանություններին. Նժդեհ Գարագավորյան
Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդական միության «Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Tert.am-ը զրուցել է Նժդեհ Գարագավորյանի հետ՝ մուտքի արգելքի հնարավոր պատճառների մասին:
«Ինչպես իմ, այնպես էլ դաշնակական այլ գործիչների մուտքը Հայաստան արգելվել է։ Մենք վստահ ենք, որ այս քայլը ոստիկանական պետությանը բնութագրող քայլ է, որը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հակաժողովրդավարական գործելաոճին է որդեգրել։ Նրա նպատակը այս բարդ օրերին Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության խաթարումն է։ Հայաստան իմ մուտքը արգելելու մասին իմացել եմ երեկ առավոտյան, ԱԱԾ-ն ինձ ծանուցում է ուղարկել, որում ինձ համարել են անցանկալի անձ, որևէ պատճառ չեն նշել՝ համարելով, որ կա գաղտնիության խնդիր։ Ինձ ճանաչողները կարող են փաստել, որ ես որևէ անօրինական քայլ չէի կարող անել»- ասաց Նժդեհ Գարագավորյանը։
Հարցին՝ իր մուտքի արգելքը արդյո՞ք կապված է հակակառավարական ցույցերին իր մասնակցության հետ, Նժդեհը նշեց․
«Սկզբում այդպես էի մտածում, բայց այդ ցույցերից հետո ես 4 անգամ գնացել եմ Հայաստան, հետ եմ եկել, նախանցած Նոր Տարին նշել եմ Արցախում, մարտին Արցախի գյուղերում օգնություն էինք բաժանում, գնալ-գալու խնդիր չեմ ունեցել։ Այն, որ հենց հիմա են իմ մուտքը արգելել, կարծում եմ՝ մեկ այլ հարցի հետ է կապված։ Վերջերս մենք մեր ճնշումը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ էլ ավելի ենք մեծացրել, չենք թողնում, որ այստեղ իրենք հանգիստ տարածեն իրենց թեզերը։ Շատ հավանական է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա մեր ճնշումները ՀՀ իշխանություններին դուր չեն եկել»։
Նժդեհ Գարագավորյանը նշեց, որ կիրառելու է հնարավոր բոլոր օրինական եղանակները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու համար։
«Ոչ ոք ինձ և իմ ընկերներին չի կարող արգելել գալ Հայաստան, կամ հեռացնել հայրենիքին ծառայելու ճանապարհից։ Մենք մշտապես գնալու ենք Արցախ և Հայաստան։ Ինձ համար այս պահին ամենացավոտը այն է, որ մենք արդեն ծրագրել էինք, թե ինչպես ենք օգնելու Հայաստանում ապաստանած արցախցի տեղահանվածներին, ամեն ինչ ծրագրված ու պատրաստ էր, բայց հիմա դա առանց ինձ պետք է արվի, ինչը կազմակերպչական խնդիրներ կարող է առաջացնել։ Նիկոլ Փաշինյանի պարտվողական ու զիջողական քաղաքականությունը պետք է արժանանա անպատվության, մեզ համար Հայաստանի ու Արցախի հողային ամբողջականությունը կարմիր գծեր են, որոնք չպետք է հատվեն»,- ասաց Ֆրանսայի ՀՅԴ երիտասարդական միության «Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագավորյանը։