Պատերազմը չի ավարտվել, մեր տանն ամեն օր պատերազմ է․ 44-օրյայում վիրավորված զինվորի մայրը միացել է հացադուլին
44-օրյա պատերազմում վիրավորված, ռազմաճակատում բազմաթիվ սխրանքներով աչքի ընկած Նարեկ Պողոսյանի մայրը՝ տիկին Արևն էր այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հացադուլավորը։ «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնությանը միանալու ցանկություն ուներ, բայց ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո է՛լ ավելի է համոզվել՝ ինչ-որ կերպ պետք է բարձրացնի իր բողոքի ձայնը։
«Որ լսեցի իր իսկ հայրենիքի համար պայքարած մարդուն առևանգելու մասին լուրը, անմիջապես աչքիս առաջ եկավ որդիս՝ Նարեկը։ Ստացվում է, որ նա ևս, որպես իր հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մարդ, նույն ճակատագրին կարող է արժանանալ։ Հիմա, փաստացի, չի կարողանում գնալ իր պապենական տունը, այցելել տատիկ-պապիկի գերեզմանին, այսուհետ կարող է իր պաշտպանած երկրից առևանգվե՞լ, համարվել տեռորի՞ստ։ Էս ո՞ւր ենք հասել մենք․․․ Ես ուղղակի ապշում եմ, թե ոնց չի զարթնում ժողովուրդը, է՛լ ինչ պետք է լինի, որ վեր կենա քնից, որ սթափվի, որ բարձրացնի իր բողոքի ձայնը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր վրդովմունքն է արտահայտում տիկին Արևը։
Պատերազմի ժամանակ ԱԹՍ խոցած ու բազմիցս աչքի ընկած զինվորի մայրն նկատում է՝ խաղաղություն քարոզողները, նախ և առաջ, պատերազմի պետք է պատրաստվեն, քանի որ առանց պայքարի խաղաղությունը չի տրվում։ Արցախը թշնամուն հանձնելու Փաշինյանի հանցավոր մտադրությանն ի պատասխան՝ տիկին Արևը հիշեցնում է նրա հնչեցրած «Արցախը Հայաստան է ու վերջ» խոսքերն ու պահանջում տեր կանգնել ասածին։
«Ես չեմ կարող նստել տանը, ոչինչ չանել։ Նարեկի պահանջն էր նաև, որ գամ ու այսօր այստեղ հացադուլ անեմ։ 120 հազար մեր հայրենակիցներ Արցախում սովի են մատնված։ Ես այստեղ եմ, որ արտահայտեմ իմ բողոքը, անհամաձայնությունը հայրենակիցներիս, երկրիս հետ կատարվողի հանդեպ։ Այստեղ եմ, որ թույլ չտամ ինձ ու տղային հայրենազրկեն, որ վաղը որդիս չհայտնվի Վագիֆ Խաչատրյանի կարգավիճակում։ Առանց չափազանցության եմ ասում՝ մեզնից յուրաքաչնչյուրի հարազատը՝ հայրը, եղբայյրը, որդին կարող էր լինել այդ մարդու փոխարեն։ Արցախում դժվար տղամարդ լինի, որ ծառայած, պատերազմի մասնակցած չլինի ու նույնն էլ Հայաստանում։ Ծառայած, պատերազմներին մասնակցած յուրաքանչյուր ոք նույն կերպ կարող է առևանգվել իր իսկ հողից, եթե սրա դեմը չառնենք»,-շեշտում է տիկին Արևը։
Ստեղծված վիճակից դուրս գալու, վերջնական կործանումից երկիրը փրկելու միակ ճանապարհը, ըստ մեր զրուցակցի, միաբանվելն է, մեկ բռունցք դառնալը։ Վստահեցնում է՝ հենց որ վերջ դրվի բաժանումներին՝ արցախցի, լենինականցի, սյունեցի, երևանցի․․․ ու բոլորս համախմբվենք հանունի շուրջ՝ հանուն հայ ժողովրդի ու Հայաստանի (ներառյալ նաև Արցախը), այն ժամանակ էլ հայը կհաղթի։
«Պատերազմը չի ավարտվել, մեր տանն ամեն օր պատերազմ է, ամեն օր մեր քննարկման թեման Արցախն է։ Որդիս այնտեղ է թողել իր առողջությունը, իր բազմաթիվ ընկերների արյունն այդ հողի մեջ է։ Նրանք զոհել են ամենթանկը, որ Արցախն ապրի, իսկ ի՞նչ ենք թույլ տալիս մենք հիմա մեր անտարբերությամբ, մեր լռությամբ»,-ասում է հացադուլին միացած կինն ու ավելացնում՝ ճանապարհ ցուցյ տվող չկա, առաջնորդ է պետք, բայց դա չի արդարացնում որևէ մեկի լռությունը, անգործությունը, ի պաշտպանություն ու ի զորակցություն Արցախի իրականացվող որևէ նախաձեռնության չմիանալու նրանց վարվելակերպը։
Տիկին Արևը շեշտում է՝ պատերազմը դեռ երկար ժամանակ չի ավարտվելու, ուստի դա գիտակցել ու վրեժխնդրությամբ լցված պատրաստվել է պետք։ Իսկ որ Արցախում կիսասոված, մաքառումների միջով անցնող մեր հայրենակիցները երբեք իրենց արժանապատվությունից ու հողից չեն հրաժարվելու, Նարեկի մայրը վստահ է։ Ինքն էլ մի քանի տարի Արցախում է ապրել, Նարեկին լույս աշխարհ է բերել Մարտունիում ու, որ այնտեղ հողը միշտ գերադասել են հացից, շատերից լավ գիտի։ Նրա համոզմամբ՝ հենց այդ գիտակցումով է, որ ամեն մի հայ այսօր պետք է ոտքի կանգնի՝ ի պաշտպանություն հումանիտար աղետի մեջ հայտնված արցախահայության։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մեկնարկել է «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնությունը։ Ի զորակցություն սովի եզրին կանգնած 120 հազար մեր հայրենակիցների, որոնցից 30 հազարը երեխաներ են՝ տարբեր մասնագիտությունների տեր կանայք հերթափոխով մեկօրյա հացադուլ-նստացույց են անում։