Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը, որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է
Որքան էլ չարագուշակ հնչի, բայց այսօր ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը կդատապարտվի որպես «ռազմական հանցագործ», ինչպես որպես «դիվերսանտներ» դատապարտվեցին Հայաստանի տարածքից առևանգված, դիրքեր սնունդ տանող զինվորները։
Դժվար է պատկերացնել առավել ողբալի վիճակ, քան հիմա է։
Թշնամին առևանգում է մարդկանց, երբ ուզում է, իսկ իշխանություններն անկարող են պաշտպանել քաղաքացիներին, քաղաքականապես սնանկ են, օտարի շահերը սպասարկող, երկիր հանձնող ու կադաստրի վկայական մուրացող։
Հասարակության մի ստվար հատված, այդ թվում անվանի շատ «մտավորականներ», հայտարարել են որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում ու խորապես անտարբեր են երկրի մասնատման հանդեպ։ Կարևորը դեռ իրենց քաղաքին, իրենց փողոցին, իրենց շենքին, իրենց մուտքին, իրենց հարկին ու ամենակարևորը՝ իրենց բնակարանին չեն հասել։
Հասարակության մի ստվար հատված էլ Նիկոլին տեսնելիս այնպիսի էյֆորիայի մեջ է ընկնում, որ ակամայից հիշում ես Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկը՝ Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը, որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է:
Պետության կազմաքանդումը պոզով-պոչով չի լինում։