Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է ու ցեղասպանության ենթարկելը․Նիկոլ Փաշինյան
Այսօրվա կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու ԼՂ։
«Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ։Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով, սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար »,- ասաց վարչապետը։
Վարչապետն ասաց, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են բեռնատարների պարունակությանը։
«Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է ու ցեղասպանության ենթարկելը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ-ն սպասում է ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին։