Ունանյանը նոկաուտի ենթարկեց Էմիրլանովին․ հաղթանակը նվիրեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին
Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի ունեցավ EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ նախատեսված էր, որ հայ մարզիկ Կամո Ունանյանը պետք է մենամարտեր բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Մենամարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվեց մենամարտել Կամո Ունանյանի հետ։ Վերջին պահին կազմակերպիչները Ունանյանի համար գտան նոր հակառակորդ, հայտնում է Հայաստանի կարատեի միությունը․
«Այսպիսով, EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարում Կամո Ունանյանը մրցեց Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի հետ։ Մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց Էմիրլանովին:
Մենամարտից հետո՝ Կամո Ունանյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում է արդեն 200 օրից ավելի Արցախում Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։