Եթերը հակաէսթետիկ մտքերից մաքրելուց առաջ, լավ կլինի մաքրել հակապետական քարոզչությունից
Սուպեր Սաքոն Հանրայինի եթերում բնականաբար հիմարություն է դուրս տվել ու ոչ հարգալից արտահայտվել Կոմիտաս Վարդապետի հասցեին։ Չի բացառվում, որ նա որևէ մեկին վիրավորելու ցանկություն չի ունեցել, պարզապես արտահայտվել է իր մտավոր կարողություններին համապատասխան։ Ցանկացած մարդու արտահայտած միտք, ուղիղ համեմատական է նրա ինտելեկտին։
Նրա արտահայտած մտքերը հակամշակութային են ու հակաէսթետիկ, սակայն երբ պահանջում ենք նրան այլևս եթեր չտալ, պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ կան նրանից առավել վտանգավորները, որոնք թեպետ կեղծ բարեպաշտությամբ ու կեղծ ակնածանքով կարտահայտվեն նույն Կոմիտաս Վարդապետի անունը տալիս, սակայն մնացած բոլոր առումներով նրանց թե խոսքը, թե գործը շատ ավելի վտանգավոր են ու հետևանքներով լի, քան Սուպեր Սաքոյի տափակաբանությունները։
Հանրությունը կարծես այնքան էլ չի ալեկոծվում, երբ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեվ ստորացնում է Արարատ լեռան նշանակությունը հայերիս համար, ու ի տարբերություն Սուպեր Սաքոյի, անում է կանխամտածված, հետապնդելով կոնկրետ նպատակ։
Հանրությունը կարծես լռում է, երբ եթեր են տալիս Գագիկ Մելքոնյանին, որը իր մտավոր կարողություններով Սուպեր Սաքոյից առավել չէ, սակայն նրա Արցախից ուրացման ակնհայտ քարոզչությունը ու տիրոջը ծառայելու անթաքույց մոլուցքը անդառնալի հետևանքներ է ունենում, իսկ Սուպեր Սաքոյի ասածները վաղը ոչ ոք չի էլ հիշելու։
Օրինակները բազմաթիվ են, սակայն եթե Հայաստանում հակապետական մտքերը սավառնում են եթերից եթեր ու ոչ մի լուրջ հակազդեցության չեն հանդիպում, ինչու պետք է հակամշակութային մոտեցումները արժանանան նման բուռն արձագանքի։