Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Նիկոլ Փաշինյան

Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Մեր կողմից կան չորս վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել Բրյուսելում եռակողմ և Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,-նշեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով, Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցած որևէ առաջընթաց զրոյացնելու համար․ «Սա է տեղի ունենում հիմա»։