Թե՛ իշխող մեծամասնությունը, թե՛ ընդդիմությունն իրենց մանդատները ստացել են բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ
Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցող հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջ իշխանությունն ու ընդդիմությունն իրար վրա բան էին շպրտում, իսկ հիմա սկսել են լսել իրար։
Սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ Նիկոլ Փաշինյանը չի ստում ու չի մանիպուլացնում իրականությունը։ Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը արմատական դիրքերից վերածվել է կառուցողական ընդդիմության ու Ազգային ժողովում սկսել է սեթևեթել իշխանության հետ, քննարկելով բազմաթիվ երկրորդական նախագծեր, մոռանալով իրենց բուն առաքելության մասին, ինչի համար նրանք ստացել են մանդատները, մոռանալով նաև, որ իրենք չեն հայտնվել խորհրդարանում քաղաքական դասական պայքարի միջոցով, իրենց ծրագրերի ու գաղափարների շնորհիվ ստանալով ընտրողների քվեն։
Խորհրդարանում ընդդիմադիր շատ պատգամավորներ, ինչպես իշխող ուժի պատգամավորների մեծ մասը, մանդատ են ստացել միայն ստեղծված կոնկրետ իրավիճակի արդյունքում ու ինչպես երկու դեպքերում էլ նրանցից շատերին քաղաքական գործիչ, կամ պատգամավոր կարելի է անվանել միայն շատ մեծ վերապահումից հետո։
Որքան էլ պարադոքսալ թվա, թե՛ ՔՊ խմբակցության, թե՛ ընդդիմության ճնշող մեծամասնությունը Ազգային ժողովում են հայտնվել բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորիհվ։
Առաջինները պատգամավոր դարձան, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրանց պեղեց տարբեր ՀԿ-ներից, ժամանցային ակումբներից, այլ քաղաքական ուժերից, փողոցից․․․ու նրանցով ձևավորեց իշխող մեծամասնությունը, երկրորդները պատգամավոր դարձան զուտ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը կործանեց Արցախը ու Հայաստանը հասցրեց կործանման եզրին։
Չլիներ Նիկոլ Փաշինյանը, ոչ առաջինները, ոչ էլ երկրորդները ծոծորակները կտեսնեին, սակայն խորհրդարանի նիստերի դահլիճը չէին տեսնի։
Սակայն ընդդիմադիրներին թվում է, թե իրենք մանդատ են ստացել, որպեսզի խորհրդարանում օրենսդիր գործունեություն ծավալեն, ինչ-որ տխմար կամ ոչ տխմար օրինագծեր քննարկեն, ընդդիմանան երրորդական հարցերին, մոռացության մատնելով ամենակարևորը, այն, ինչի համար նրանք ստացել են այդ մանդատը։ Իսկ իրենք մանդատ ստացել են ընդամենը մի խոստման ու մի նպատակի համար՝ հեռացնել իշխանություններին։
Բայց այժմ տպավորություն է ստեղծվում, որ երկու թևերի բաժանված, բայց իրականում մանդատի համար Նիկոլ Փաշինյանին «պարտական» այդ երկու միավորները լուռ կոնսեսուսի են եկել Արցախի հարցի շուրջ։
Տպավորություն է ստեղծվում, որ երկու թևերն էլ Արցախը համարում են բեռ, առաջինները օր առաջ ցանկանում են ազատվել Արցախից, հուսալով դրա դիմաց հասնել տևական խաղաղության ու տնտեսական աճի, ինչը կապահովի իրենց պոպուլիզմի վրա հիմնված իշխանության հետագա գոյությունը, երկրորդները սպասում են, որ առաջիններն ազատվեն Արցախից, որպեսզի այդ ամենը վերջնականապես փաթեթավորեն Նիկոլ Փաշինյանի հետ միասին ու բոլոր խնդիրներից ազատված, սպիտակ թղթի վրա փորձեն գալ իշխանության։
Աստված տա այս տպավորությունները սխալ լինեն, բայց գոնե այս պահին ընդդիմադիրները հակառակում չեն համոզում։
Քաղաքականությունն ունի իր կանոնները, եթե իշխանությունը պետք է հեռանա երկիրը աղետի հասցնելու, ընդդիմությունն էլ պետք է հեռանա իր գլխավոր ու միակ խոստումը տապալելու համար։ Երկու դեպքում էլ արձանագրվում է քաղաքական գործունեության ֆիասկո ու ենթադրում քաղաքական պատասխանատվություն։
Քաղաքականության մեջ կա մի չգրված օրենք ևս, նա ով լինելով ընդդիմադիր, հարվածում է ընդդիմադիր ուժի, կամա թե ակամա օգնում է իշխանությանը, սակայն ընդդիմադիրներին խնայելը գործում է ողջամիտ ժամկետներում ու չի կարող հարատև լինեն, հատկապես, երբ ընդդիմությունը շեղվում է իր նպատակից։
Հայաստանում տարիներ շարունակ շրջանառվել է քաղաքական մի կեղծ թեզ, որը մշտապես պրոյեկտել են թե՛ հօգուտ իշխանության, թե՛ հօգուտ ընդդիության․ եթե իրանք հեռանան, բա ո՞վ գա իրենց փոխարեն։ Դուք հեռացեք, տեղը թափուր չի մնա։